Tert.am-ը գրում է.

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, սահմանադրական փոփոխությունները պատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ  Դավիթ Հարությունյանը մասնագիտորեն արդարացված է համարում սահմանադրության փոփոխությունների նախագծով փոխվարչապետների  ինստիտուտի ընդլայնումն ու այն համարում`«ողջամիտ մոտեցում»:

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը  անդրադառնալով  հարցին, թե փաստորեն, արդարացված է համարում մոտեցումը, որ վարչապետը  պատասխանատվություն կրի կառավարության միջնաժամկետ ու երկարաժամկետ քաղաքականության համար, ոչ թե  օպերատիվ, ընթացիկ հարցերի /դրանք պետք է համակարգեն փոխվաչապետները/, Դավիթ Հարությունյանը նշեց.«Ընթացիկ հարցերով չզբաղվելը այլ խնդիր է, պատասխանատվությունը` այլ, և յուրաքանչյուր ղեկավար, այնպիսի ղեկավար, ինչպիսին վարչապետն է, որը ղեկավարում է ողջ գործադիր իշխանությունը, և կառավարության առաջին դեմքն է, բնականաբար, պետք է  ճիշտ կազմակերպի իր աշխատանքը, որի մեջ մտնում է նաև պատվիրակումը: Եվ երեք փոխվարչապետ ունենալը շատ ողջամիտ մոտեցում է»:

Հիշեցնենք, որ այս օրերին, նախքան հոկտեմբերի 5-ի քառօրյան, վերջին աշխատանքներն են կատարվում նախագծի շուրջ՝ խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների առաջարկները ընդունել-չընդունելու մասով:

Հիշեցնենք, որ միայն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը ներկայացրել էր 300-ից ավելի առաջարկ:

Դավիթ Հարությունյանը, ի պատասխան հարցի, թե դրանց որ մասն է ընդունվել, որը` ոչ, նշեց, որ  առաջարկները ընդունելու կամ չընդունելու համար իրավասու անձ  է ընտրված հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր Ազգային ժողովի  «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի կողմից պատրաստվում է մի մեծ «լավաշ», որի սյունակներում նշվում են առաջարկը ներկայացրած պատգամավորի կամ քաղաքական ուժի անուն-ազգանունը և կամ անվանումը, նրա հիմնավորումը, հանձնաժողովի հիմնավորումը, թե առաջարկը ինչու է ընդունվում կամ՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել