Ես երբեք փողոց չեմ փակի ու չեմ պահանջի, որ որևէ կալիբրի պաշտոնյա հանդես գա հայտարարություն-խոստումով, որովհետև նրանց խոստումները բացարձակապես ոչնչի արժեք չունեն: Ասեմ ավելին՝ խոստումներն ավելի վտանգավոր են հավատացողների համար, քանի որ սպառնում են նրանց վերջնականապես զրկվել այդքան դժվարությամբ ստացված բերքից:
Երբ խաղողը հավաքում ես բեռնատարի մեջ ու սպասում ես մթերող ձեռնարկության առաջ, ապա 3 օր անց այդ խաղողը փչանում է: 
Երբ տեսնում ես, որ հերթի մեջ 40000 դրամ մաղարիչով սողոսկում են ընտրյալ բեռնատարներ, հասկանում ես, որ քո հերթին դեռ շատ կա:
Երբ 140 դրամի փոխարեն խաղողդ լավագույն դեպքում պիտի ընդունեն 110 դրամով, հասկանում ես, որ այս տարի էլ վարկերդ չփակեցիր:
Երբ դու սահմանամերձ գյուղում փորձում ես զարգացնել գյուղատնտեսությունը, բայց արդյունքում դառնում ես ֆինկա-ներին ու անխիղճ բանկերին հավիտյան հարստացնողը, հասկանում ես, որ էականը ոչ թե կարկուտն է, այլ ճակատագիրը: 
Չկա բերք՝ պարտք ես, կա բերք՝ էլի պարտք ես:
Որևէ պաշտոնյա պատասխան չի տալու մեր փչացած բերքի համար՝ չնայած, որ խոստացել է այն մթերել:
Օղի քաշեք: Սրանց պարանի վրա հույս դնել պետք չի:
Մեդիասնդուսածինները մեծ խանդավառությամբ հաճախ ներկայացնում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք հաստատում են, որ երբեք չեն լքի հայրական տունը: Այդ նույն Մեդիասնդուսածինները ողջ տարվա ընթացքում լծվում են սուտասան պաշտոնյաներին ռասկրուտկա անելու սրբագույն գործին: Մեդիասնդուսածիններ, հիմա որ սուտասանների տված խոստումները որևէ մթերող ձեռնարկության տնօրինության կողմից որևէ արժեք չունեն, գյուղացին՝ սեփական հավաքած խաղողը բեռնատարով այնտեղ հասցրած ու արդեն երկու օր հերթ կանգնած, ի՞նչ անի (շիրան գնում է):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել