Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի հոբելյանական` 70-րդ Գլխավոր ասամբլեային հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

Օբամայի ՄԱԿ-ի ելույթը Tert.am-ը ստորև ամփոփում է շոշափված հիմնական կետերով` ըստ միջազգային առաջատար լրատվամիջոցների փոխանցումների:

Իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի Նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է` շնորհիվ իր ժողովորդավարության: Մյուս կողմից Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ի ներսում ժողովրդավարությունն անթերի չէ: Նա առհասարակ կոչ է արել լինել հայրենասեր` առանց մյուսներին հրեշավոր լույսի ներքո ներկայացնելու կամ նսեմացնելու:  

Խոսելով երկրների հզորության մասին` Օբաման ասել է, որ այսօր դա որոշում են ոչ թե տարածքային վերահսկողությամբ, այլ նրանով, թե ինչպիսին է այս կամ այն երկրների բնակիչների բարեկեցությունը և նրանց ստեղծարարությունը: Այս համատեքստում նա արձանագրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ընկնում է ռուբլու փոխարժեքը, տեղի է ունենում կապիտալի «փախուստ», լավ կրթություն ստացած ռուսաստանցիների արտագաղթ: Մյուս կողմից նա նշել է, որ պատժամիջոցները սառը պատերազմին վերադառնալու միտում չունեն:

Խոսելով` Ռուասաստանի հետ հարաբերությունների մասին` Օբաման ասել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի «Ղրիմի բռնակցումը» և Ուկրաինայի արևելքում ՌԴ-ի «ագրեսիան»: Մյուս կողմից նա նշել է, թե ԱՄՆ-ին հարկավոր է ուժեղ Ռուսաստան, իսկ ԱՄՆ-ն տնտեսական շահ չունի Ուկրաինայում:

Նա նկատել է նաև, թե այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած երկրում:

Օբաման Ռուսատսանին և Չինաստանին անվանել է ԱՄՆ-ի «պոտենցիալ մարտահրավերների» թվում: Մյուս կողմից ԱՄՆ Նախագահը կարևորել է նաև Չինաստանի ու Ռուսաստանի դերը` Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումներում և Իրանի ու Ռուսաստանի դերը` Սիրիայի հետ կապված լուծում գտնելու հարցում:

Միաժամանակ նա ՄԱԿ-ի ամբիոնից «բռնակալ» ու «մարդասպան» է անվանել Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադին և ասել, որ նա պետք է հեռանա: Օբաման քննադատել է Ասադին սատարողներին:

Նա նաև կոչ է արել միջազգայնորեն համախմբված պայքար ծավալել «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ՝ կոչ անելով «վերացնել ԻՊ-ի ապոկալիպտիկ պաշտամունքը»:

Խոսելով Կուբայի մասին` Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ է արել վերացնել արգելանքը այդ երկրի վրայից, որ արդեն մի քանի տասնամյակ գործում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել