Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը շատ կարևոր է համարում այն, որ Մինսկի խումբը Նյու Յորքում հայտարարություն ընդունեց այն մասին, որ մինչև տարեվերջ կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, քանի որ ըստ նրա, դա հետաձգում է հակամարտության պատերազմական լուծման կիրառման տարբերակը: Tert.am–ի հետ զրույցում  Աղասի Ենոքյանը նաև նկատեց, որ հիմա դա դրված է ԱՄՆ-ի վրա, «որովհետև Ֆրանսիան այսօր ՄԽ-ում ունի երկրորդական նշանակություն, իսկ Ռուսաստանը փորձում է գործընթացը տեղափոխել ավելի ագրեսիվ դաշտ»:

-Այսօր Նյու Յորքում գերտերությունների ներկայացուցիչների կարևորագույն հանդիպումներից առաջ Մինսկի խմբի անունից հայտարարվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ կնախապատրաստվի: Արդյո՞ք սա կարելի է համարել ինչ-որ դրական շեշտադրում բոլոր այն մեկնաբանություններին ֆոնին, որ Ադրբեջանը բանակցային գործընթացը փորձում է տապալել`կարևոր հանդիպումներից առաջ սահմանին այնպիսի լարվածություն ստեղծելով, ինչը սեպտեմբերյան լարվածություններն են:

-Այո’, սա համարում եմ առաջընթաց, առհասարակ, բանակցային պրոցեսն ու ֆորմատը պահպանելու առումով` պատերազմի փոխարեն: Կարևորագույն գործ և դիվանագետների համար հիմնական խնդիր:

-Բայց կոնկրետ ի՞նչ են տալու այդ նյույորքյան հանդիպումները:

-Եվս մի քայլ է պատերազմական լուծումը հետաձգելու համար:  Այս առումով, համանախագահողների ցանկացած հանդիպում բերում է դրան, առավել ևս, եթե դա  կհանգեցնի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը:

-Ձեր գնահատմամբ այս հարցում կողմերի, նաև համանախագահ երկրների, դիրքորոշումները որքանո՞վ են համընկնում, որ գոնե պատերազմ չլինի:

-Եթե առաջ գոնե կար ընդհանուր մոտեցում, որ պետք է շարունակել խաղաղության գործընթացը, ապա հիմա նման ընդհանրություն նույնիսկ այս հարցում չկա:

-Հայտարարվեց, որ կլինի հանդիպում, բայց կլինի՞ հանդիպում:

- Դա դժվար է ասել, որովհետև եղել են դեպքեր, որ էլի հայտարարել են, որ կլինի հանդիպում, բայց չի ստացվել: Հիմա արդեն Մինսկի խմբի վրա է դրվում այդ պարտականությունը, եթե իրենք են այդ մասին հայտարարում:

-Հիմա Ոուրլիքին էլ են շատ քննադատում, որ որպես ՄԽ համանախագահ երկիր զոհերի համար   հավասարության նշան է դնում կողմերի միջև, որ երկուստեք օգտագործվում են հեռահար խոցման ծանր սպառազինություններ և այլն:

-Բայց հիմա Ոուորլիքը փորձում է ամեն ինչ անել, դա ԱՄՆ-ի վրա է դրված, որ պրոցեսը պահվի բանակցային ձևաչափի մեջ, որովհետև Ֆրանսիան այսօր ՄԽ-ում ունի երկրորդական նշանակություն, իսկ Ռուսաստանն այսօր փորձում է գործընթացը տեղափոխել ավելի ագրեսիվ դաշտ: Այսինքն` դա Ոուորլիքի համար խնդիր է` ամեն ինչ բանակցային պրոցեսի մեջ պահելը:

-Իսկ ինչքանով են հենց միջնորդներն իրենք հավանական համարում պատերազմի չվերսկսումը, քանի որ օրինակ`«Ստրատֆորի» վերլուծականը «Ամերիկայի ձայնին» ասել էր, որ ՀՀ-ն շահագրգռված է ստատուս քվոյի պահպանման մեջ, սակայն Ադրբեջանը ձգտելու է  պատերազմի:

-Ես դեռ վաղուց ասել եմ, որ այս տարին Ադրբեջանի համար ղարաբաղյան պատերազմի վերսկսելու համար ամենահարմար տարին է, որովհետև մի կողմից Ադրբեջանն իր նավթային ռեսուրսները սպառում է, հետևաբար, պատերազմը կանխելու նախկին գործոնները չկան, մյուս կողմից` Ռուսաստանը արդեն ինտենսիվ խաղարկում է ռեգիոնում խաղաղապահներ մտցնելու հարցը` գտնելով, որ այս լարվածությանը ինքը դժվար դիմանա և ավելի հեշտ է խաղաղապահներ ունենալը և դրանով Ադրբեջանի վրա վերահսկողություն ունենալը: Այնպես որ, պատերազմի հավանականությունը չի կարելի համարել զրոյական: Դրա համար այնտեղ պետք է ռուսական զորք մտցվի: Եթե չլինի ղարաբաղյան կոնֆլիկտը Ռուսաստանն Ադրբեջանի վրա ազդելու զրո լծակ ունի:

- Պարո՛ն Ենոքյան, որոշ վերլուծաբաններ Սիրիա-Ղարաբաղի հակամարտություն հիմնախնդիրները փոխկապկցված են համարում, ինչպես նաև այդ, որ այդ երկու հարցերը քննարկվելու են Պուտին–Օբամա հանդիմանը:

- Ռուսաստանն է ցանկանում դրանք քննարկել մեկ օրակարգի մեջ: Ես կարծում եմ` Միացյալ նահանգները դրան դեմ է և բոլոր հարցերը կքննարկի առանձին-առանձին: Ի սկզբանե հայտարարել է, որ ռեգիոնալ տերություն է, և բոլոր հարցերը միասնական քննարկելը դա լինում է գլոբալ տերությունների հետ: Այնպես որ, ԱՄՆ-ն կփորձի Ռուսաստանի հետ քննարկել այդ հարցերն առանձին-առանձին, ինչին էլ կփորձի հակառակել Ռուսաստանը: Բայց դեռևս  պարզ չէ` դա նրան կհաջողվի, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել