Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը այն քիչ դեպքերից է, երբ մի նավակում նույն ուղղությամբ միաժամանակ ընթանում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Եվրոպան՝ Ֆրանսիայի գլխավորությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը՝ նշելով, որ սա փաստում է՝ ողջ միջազգային հանրությունը շարժվում է այս հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու ուղղությամբ:

«Նրանք բոլորը միասին միավորում են ջանքերը: Իհարկե դժվար է ասել, որ հարցը կլուծվի ամենամոտ ժամանակներում, բայց շատ բան ենք մենք ակնկալում գերմանական ներկայացուցչությունից, որը կլինի եկող տարի: Օրինակ, ես ուշադիր հետևել եմ Ադրբեջանի Նախագահ Ալիևի՝  Գերմանիա կատարած այսին, որտեղ Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան ավելի ակտիվ գործունեություն է ունենալու նման կոնֆլիկտների, այդ թվում նաև ԼՂ հարցի քննարկման գործում»,-ասաց Անդրեյ Սորոկինը:

Միաժամանակ նա հիշեցրեց, որ ԼՂ խնդրի կարգավորումը չի մտնում ԵԱՀԿ-ի մանդատի՝ իրավասության շրջանակում, բայց որպես մարդ, որը մշտապես հետևում է ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային իրադարձություններին, կարող է ասել, որ հարցը լայնածավալ ռազմական գործողությունների չի հասնի:

«Ինչպես գիտեք, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և քննարկել խնդրի հետ կապված հարցեր: Վերջերս Հայաստան էր եկել ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Մարսել Պեշկոն, ում հետ ևս քննարկվել է այս հարցը, բայց ես չեմ կարող ձեզ մանրամասներ ասել: Այս հարցը լուծում է պահանջում ու դրանով զբաղվում են»,-ասաց նա:

Անդրեյ Սորոկինը նաև նշեց, որ եթե հնարավոր լինի դիպուկահարներին հեռացնել, դա կփրկեր տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր երիտասարդների կյանքեր:

«Առաջին տարին չէ, որ քննարկվում է հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմն ընդունելու հարցը: Երկու տարի առաջ է նման առաջարկ եղել, հայկական կողմը պնդում է, որ այն կատարվի, իսկ Ադրբեջանը կտրականապես դեմ է, մերժում է: Չեմ կարող ասել՝ կլինի, թե ոչ, այստեղ արդեն բարձր քաղաքականություն է: Բայց կարող եմ ասել, որ հայկական լոբբին ողջ աշխարհում բավական ուժեղ է, բազմաթիվ մեծ երկրներում այն լուրջ ազդեցություն ունի՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, նույն Ուկրաինայում ևս մինչև հակամարտության սկիզբը, եթե չեմ սխալվում, 405 հազար հայ էր ապրում: Այնտեղ, որտեղ հայկական լոբբին շատ ուժեղ է, նրանք ազդում են երկրի ղեկավարների որոշումների վրա»,-ասաց նա:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական շփման գծում դրությունը դժվար է, ավելի դժվար, քան կես տարի առաջ, բայց հույս կա:

«Պետք է սպասել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բազմաթիվ երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ արդեն տեղեկություն կա, որ խոսվելու է ԼՂ խնդրի մասին»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել