Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի անկումը խոսում է Թուրքիայի ներքին կյանքում խորը փոփոխությունների հասունանալու մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ հարցումները ցույց են տվել՝ վերջին ընտրություններից հետո ևս մի քանի տոկոսով անկում է ապրել նրա վարկանիշը:

«Սա նշանակում է, որ Էրդողանի համակրանքը վայելող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը գրեթե շանս չունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավաքել անհրաժեշտ 45-46% ձայները, ինչը նշանակում է, որ Թուրքիա կմտնի նոր փուլ՝ անորոշությունների փուլ»,– ասաց նա:

«Մյուս կողմից չի դադարում նաև պայքարը քրդական կուսակցության դեմ, քանի որ վերջիններս ունեն մեծ ներուժ՝ ավելացել է ոչ միայն նրանց վարկանիշը, այլ նաև ունեն զինված գործողություններ իրականացնելու հնարավորություն: Սա նշանակում է, որ իշխանությունը փորձելու է նրանց հանել քաղաքական պայքարից»,-ասաց նա:

Հարցին թե Թուրքիայի ներքին քաղաքականության լարումը կարող է որևէ կերպ ազդել հայ համայնքի կամ հենց Հայաստանի վրա, արևելագետը պատասխանեց, որ պատմությունը ցույց է տալիս, որ երբ Թուրքիայի ներքին իրավիճակը սրվում է, զոհերը դառնում են քրիստոնյանները, հատկապես հայերը:

«Վերջերս Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկը տպագրեց բացահայտ սադրիչ բնույթ ունեցող մի հոդված, որում ասվում էր, թե իբր քրդերի հետևում կանգնած են հայերը։ Մինչ օրս կարծես հնարավոր է եղել խուսափել հայկական համայնքի դեմ ագրեսիայից, բայց չի կարելի ասել, թե ինչ կլինի, եթե լարվածությունը մեծանա»,– ասաց նա:

«Նաև պետք է նշել, որ ներկա փուլում Թուրքիան բավական մեծ գլխացավանք ունի Մերձավոր արևելքում ու հայկական սահմանին սադրիչ գործողություններ չի կարող անել, բայց չեմ բացառում, որ կկարողանա անել Ադրբեջանի ձեռքերով»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություները պայմանավորված չեն Թուրքիայի խնդիրներով, բայց դրանք արվում են վերջինիս թույլտվությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրների, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ռուսական զինուժի ու ռազմական տեխնիկայի տտեղադրումը Սիրիայում այնպիսի իրադարձություն է, որ փոխում է աշխարհաքաղաքական իրադրությունը ոչ միայն Թուրքիայի համար, այլ ողջ աշխարհում:

«Ռուսաստանը ոչ միայն վերադառնում է Մերձավոր արևելք, այլ նաև տեղի է ունենում ՌԴ-ի ազդեցության ուժեղացում Սիրիայում կատարվող իրադարձությունների վրա, ուժեղանում է Սիրիայի օրինական իշխանությունների վրա ռուսական ազդեցությունը, սա նշանակում է որ Թուրքիայի բաղձալի նպատակը՝ ազատվել Ասադի իշխանությունից, գնալով անիրականանալի են դառնում»,-ասաց նա:

Արևելագետն ընդգծեց, որ Թուրքիային չի կարող մտահոգել այն, որ ռուսական զինուժը ռազմակայան ունի Հայաստանում ու առաջկայում կունենա նաև Սիրիայում: «Սա մտահոգիչ է Թուրքիայի ղեկավարության համար, ու նրանք ամեն ինչ արեցին, որ համոզեն Պուտինին հետ կանգնել ծրագրերից, սակայն Էրդողանի ու Պուտինի վերջին հանդիպումից հետո անգամ հաղորդագրություն չեղավ, ինչը նշանակում է, որ ռուս-թուրքական խնդիրները խորանալու են»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել