Tert.am-ը գրում է.

ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը hայտարարություն է տարածել վերջին օրերին Ադրբեջանի կողմից կազմակերպվող սահմանային միջադեպերի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով։ Նաև նշվում է, որ իր ահաբեկչական գործողություններով Ադրբեջանը խափանում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը։

ՀՀ ՊՆ հասարակական խորհրդի հայտարարությունում ասվում է հետևյալը.

«Ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու մարտական դիրքերից կիլոմետրեր հեռու տեղաբաշխված ԼՂՀ զինվորական ստորաբաժանումները հրետակոծությունների թիրախ դարձնելը, որի հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ և զինծառայողներ, խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, միջազգային հանրությունը, Հայաստանն ու Արցախը գործ ունեն ահաբեկչական գործելակերպ որդեգրած, անհաշվետու և սանձարձակ ամենաթողության սկզբունքներ դավանող պետության հետ:

Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:

Անկախ այս ամենից, Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է: Ինքնորոշված ու ազատ Արցախը Ադրբեջանին բռնակցելու և իր խանական լծի տակ դնելու ալիևյան մարմաջը անիրականանալի ցնորք է, որի հետևից գնալը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:

Ցավակցում ենք մեր զոհված քաղաքացիների ու զինծառայողների ընտանիքներին և կիսում հարազատների վիշտը:

Զորակցություն ենք հայտնում մեր բանակի զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, վստահ ենք մեր բանակի ուժին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել