Տարվա ոչ բարեհաջող մեկնարկի պայմաններում միջազգային տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները՝ տնտեսական աճի հետ կապված, հիմնականում հոռետեսական էին: Սակայն ինչպես երևում է՝ իրական պատկերը այլ է: Ըստ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած նախնական տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 2014-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 3.9%: Մասնավորապես աճ է արձանագրվել հետևյալ ուղղություններով` գյուղատնտեսություն՝ 13.5%, արդյունաբերական արտադրանք՝ 4.4%, շինարարություն՝ 0.2%, ծառայություններ 2.2%, իսկ անկում է գրանցվել առևտրի ոլորտում 5.6%:

Հարկ է նշել, որ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ՏԱՑ-ի աճը կազմել է 3.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալը` 9.7%, գյուղատնտեսությունը` 10.8%, ծառայությունները` 1.1%, իսկ անկում են արձանագրել առևտրի շրջանառությունը` 9.1% և շինարարությունը` 0.6%: Սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 4.8%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը` 10.3%: Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 19.5%-ով, որում արտահանումն ավելացել է 0.5%-ով, իսկ ներմուծումը նվազել է 26.3%-ով:

Վերը նշված տվյալներից, կարելի է փաստել, որ օգոստոս ամսին աշխուժացել է արդյունաբերության ոլորտը, իսկ էլեկտրաէներգիայի արձանագրված 15% ֆիզիկական աճը հուշում է, որ արդյունաբերական արտադրանքի աճի մեջ մեծ բաժին են ունեցել հատկապես հանքարդյունաբերության ծավալների ֆիզիկական աճը, որտեղ հանքավայրի մեխանիզմները խոշոր էլեկտրասպառող համակարգեր են համարվում, և իհարկե էներգետիկ ոլորտը՝ իր 15% ֆիզիկական աճով:

Ցավոք, առևտրի ոլորտը մի քանի ամսվա կայուն աճի դինամիկա ցուցաբերելուց հետո օգոստոս ամսին նորից անկում է գրանցել՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազելով 9.1%-ով, այդ կայուն դինամիկ աճը բացատրվում է հունիս և հուլիս ամիսներին ՌԴ-ից ոչ առևտրային նպատակով փոխանցված տրանսֆերտների մեծացմամբ, բուսաբուծության ոլորտի կիսով չափ աճով և միջին ամսական իրական աշխատավարձի դինամիկ աճով:

Ինչ վերաբերում է միջին ամսական իրական աշխատավարձին, ապա այն շարունակել է իր դրական դինամիկան նաև օգոսոտսին՝ հասնելով մոտ 6%-ի, սակայն առևտրի շրջանառությունը 9.1% անկում գրանցեց՝ հետևյալ գործոններով պայմանավորված. առաջինի գործոնի բացասական ազդեցությունը պատճառը ՌԴ ռուբլու փոխարժեքի արժեզրկումն էր դոլարի և դրամի նկատմամբ, որը հանգեցրեց դոլարային արտահայտությամբ տրանսֆերտների նվազմանը, իսկ երկրորդի պատճառը բուսաբուծության ոլորտի աճի դանդաղումն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել