Տուրիզմի զարգացումն ու տուրիստներին հնարավորինս մատչելի պայմաններով ծառայություններ մատուցելը շատ կարևոր է երկրի տնտեսության զարգացման և ակտիվացման համար: Օրերս ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հավանություն է տրվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն. նախկինում հյուրատները գործունեություն էին ծավալում «արտոնագրային վճարների մասին» օրենքի կարգավորման ոլորտում:

Հայաստանում այժմ գործում են 350-ից ավելի հյուրատներ, որոնց մոտ 80%-ը գտնվում են մարզերում: Գործող հյուրատների մի մասը գործունեություն է իրականացնում ստվերային դաշտում, որպեսզի զերծ մնա հաշվապահական, հարկային և այլ ծախսերից, որի պատճառով էլ նրանք չեն կարող գրանցվել տարբեր հայկական և արտասահմանյան տեղեկատվական համակարգերում և պետական մարմիններում, ինչը կարևոր է հատկապես մարզերի հյուրատների համար: Վերը նշված որոշումից հետո փոքր շրջանառություն ունեցող հյուրատները կազատվեն նշված ծախսերից և իրենց գործունեությունը կարող են ծավալել օրինական դաշտում՝ շուկայում իրականացնելով համապատասխան մարքեթինգային գործունեություն:

Վերը նշված շուկայում միանգամից մեծ թվով հյուրատների հայտնվելն իհարկե դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա: Ինչպես նաև կփոխվի դրամական հոսքերի ուղղությունը` միջին հյուրատներից դեպի ավելի փոքրերը, որոնք նախկինում հնարավորություն չունեին իրենց բիզնեսը ներկայացնելու շուկայում, իսկ դա իր հերթին կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել