Ոնց են հոգնեցնում զինվորական մարտավարական հարցերի շուրջ բայաթի կանչողները: Որ չեն ասում՝ «ո՞վ պիտի պատասխան տա մահացած զինվորների համար», քիչ է մնում ձեռքդ էկրանից ներս տանես ու ... մի հատ պուպուշ անես թշերից: Պարզ չի՞, որ հակառակորդը պետք է պատասխան տա:
Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, մի խոսեք մի բանից, որի մասին պատկերացում չունեք ու համատարած բացասական լիցքերով մի թունավորեք շրջակայքը: Ինչու՞ եք կարծում, որ դուք գործից հեռու լինելով՝ ամեն մի հարցից հասկանում եք ու կարող եք խորհուրդ տալ, իսկ նրանք, ում համար ռազմական աշխատանքը ապրելակերպ է և կյանքի ընտրած ուղի՝ չեն հասկանում: 
Մի քանի դիտարկում անեմ:
1. Զինվորի պարտականությունները յուրացնելու և այն իրապես կրել կարողանալու համար առնվազն 6 ամսվա տքնաջան մտավոր և ֆիզիկական պատրաստվածություն պետք է ունենալ: 2 տարվա ընթացքում զինվորը, ծառայություն կրելով՝ շարունակում է սովորել ու վարժվել:
2. Միայն տեսականորեն հրամանատարական գործը յուրացնելու և մարտավարական հրամաններ կատարելու ու հրամաններ տալու համար՝ ձեզ անհրաժեշտ է 4 տարվա զինվորական բարձրագույն կրթություն:
(Արցախյան պատերազմի տարիների օրինակը չբերեք, դա կյանքն էր հարկադրել և կյանքի ու մահվան արանքում կռիվ տալով, նաև սխալներ թույլ տալով էին սովորում այն ժամանակ, քանի որ այլ տարբերակ չկար: Չնայած այն ժամանակ էլ զինվորական կրթությամբ շատ մարդիկ կային, հիմա հատ - հատ անունները չտամ, դուք էլ լավ գիտեք):
Տեսական այս գիտելիքներն էլ միս ու արյուն են ստանում, երբ փորձարկվում են պրակտիկայում (ուսումնամարտական վարժանքներ կամ հարկադրված մարտական գործողություններ): 
Ունե՞ք այդ փորձառությունը:
3. Մարտի դաշտում զինվորը չի՛ սպանվում, մեռնում, մահանում: Նա զոհվում է, մարտիրոսվում, նահատակվում: Մի արժեզրկեք նրանց գիտակցական քայլը: Իսկ գիտակցականությունը սկսվում է, երբ զինվորը երդում տալով՝ ընդունում է իր պարտականությունները, որի մի կետն էլ գիտակցաբար կյանքը հանուն ապրողների տալն է: Դա նորություն է՞ որևէ մեկի համար:
Ես չգիտեմ մի այլ աշխատանք, որ այս աստիճան նվիրում պահանջի: Բայց սա քմահաճույք չի, սա հարկադիր անհրաժեշտություն է, քանի որ մարտական ծառայության և գործողությունների ժամանակ մեղր չեն բաժանում:
Այո, յուրաքանչյուր զինվոր մի տան ճրագ է, սրան երկու կարծիք չի կարող լինել: Ու առավելագույնս պետք է պահպանվի զինվորի կյանքը: Բայց պատերազմում, ... ինչպես պատերազմում:
Այդ հարցը՝ «ով պետք է պատասխան տա», տեղին է, երբ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում է զինվոր մահանում, կամ՝ խաղաղ ժամանակ անվտանգության նորմերի չպահպանման:
Բայց մարտական իրավիճակում պարզ չի՞, որ միակ պատասխանատուն թշնամին է, որն անողոք պետք է պատժվի:
4. Սոցցանցերում բամբասում են.՝ «հրամանն ուշացրել են», «սխալ հրաման են տվել»: Չեմ բացառում, որ նման բաներ էլ կարող է կյանքում լինեն: Բայց դուք այնտե՞ղ եք եղել, տեսե՞լ եք, վստա՞հ եք, այդքան լավ գիտե՞ք տվյալ ուղղության մարտական խնդիրներն ու հրամանները:
Տվյալ ուղղության իրավիճակին տիրապետու՞մ եք: Մեր ու հակառակորդի դիրքերի, սպառազինության, դասավորության, զորաքանակի, շարժերի, տրված առաջադրանքների ու մնաց-մնացած խնդիրների մասին անմիջական քաջատեղյակ ե՞ք: Բնականաբար ոչ, չէ՞, հայրենակիցներս:
Օրինակ բերեմ. հակառակորդը հանկարծակի ինչ որ ուղղությամբ սկսում է հարձակում: Բնականաբար, առաջին իսկ հրամանով՝ առաջնագծում կանգնած զինվորականներն ընդունում են մարտը: Ու նրանք այնքան պետք է դիմակայեն, մինչև տեղ հասնի համապատասխան համալրումը: Ու այդ ընթացքում, միաժամանակ՝ հրամանատարության կողմից հակառակորդի մասին համապատասխան ճշտումներ ու հետախուզում է իրականացվում, որից հետո նոր տրվում է հաջորդ հրամանը: Գիտե՞ք ինչու: Որովհետև եթե սառնասրտորեն չգնահատվի իրավիճակը, հնարավոր է, որ էմոցիոնալ ու շտապողական հրամանի պարագայում էլ ավելի մեծ կորուսներ լինեն: Մի մոռացեք, որ թշնամին էլ զինվորական է, և երբ որևէ գործողություն են իրականացնել պատրաստվում՝ իրենք ևս դրան պատրաստվում են: Իրենք էլ են հնարավոր զարգացումները գնահատում: Եվ եթե շտապողականություն դրսևորես՝ մի գուցե մի քանի հոգու փոխարեն զոհերիդ քանակը մի քանի տասնյակի հասնի: Հակառակորդն էլ ծուղակներ պատրաստել գիտի:
Դրա համար հաղթում է նա, ով ավելի վճռական է, ավելի լավ է գնահատել իրավիճակը ու ավելի ճիշտ որոշում կայացրել:
Եվ երբեմն՝ հարկադրված ու անխուսափելի կորուստներ պետք է տաս՝ էլ ավելի մեծաքանակ կորուստներից խուսափելու ու հաղթանակ ապահովելու համար:
Մի խոսքով՝ շատ չմանրամասնեմ օրինակներով, կարծում եմ հասկանալու կարողություն ունեցողը հասկացավ:
5. Պետք է գիտակցել, որ ռազմական գործի ամեն մի դետալի մասին չի հրապարակվելու ու հանրայնացվելու: Ու դրա համար պետք չի ենթադրություններով ու անկապ պատի տակի խոսակցություններով առաջնորդվել:
6. Եվ թող այն ակամա թյուր ու կանխամտածված (նաև՝ թշնամու ու նրան սատարող ուժերի կողմից) տարածվող կարծիքը վերանա, որ սխալներ թույլ տվողները պատասխանատվության չեն ենթարկվում բանակում: Մի քանի անհաջող դեմքերի ճանաչելով՝ կասկածի ենթարկել 2 տասնյակ հազար սպաների նվիրման, անձնազոհության ու պատասխանատվության հանդեպ՝ դա անբարոյականություն է: Բանակի հրամանատարական կազմն էլ մեզնից է, հայ մարդ, հայ տղամարդ, ամուսին, հայր, եղբայր: Եթե բանակում կան անհաջող անձիք՝ դրանք կան նաև ամեն ոլորտում, հանրային կյանքի յուրաքանչյուր հատվածում: Ու վստահեցնում եմ, որ բանակում ավելի քիչ են, քանի որ պատասխանատվության շրջանակն ավելի բարձր է, քան այլ տեղերում:
Սա օդում չեմ ասում: Ես էլ այդ 2 տասնյակ հազարից մեկն եմ եղել ու ներսին քաջատեղյակ լինելով եմ ասում:

Մի խոսքով, երկար կարող եմ այս թեմայով խոսել, բայց հիմա այսքանով սահմանապակվեմ:
Սովորեք վստահել ու հավատալ Հայոց Բանակին՝ հայոց պետականության և նրա քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ՄԻԱԿ երաշխավորին:
Հիշեք, ով սեփական բանակին չի կերակրում, վաղ թե ուշ՝ թշնամու բանակին է կերակրելու ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել