Lragir.am-ը գրում է.
Աստված հեռու պահի ՀԱՊԿ օգնությունից

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կապակցությամբ սկսել են հաճախակի կարծիքներ հնչել, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները: Նույնիսկ կոչեր են ուղղվում իշխանությանը՝ դիմել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ պահանջելով կատարել իրենց պարտականությունները:

Սակայն, կարծիք կա, որ սահմանին էսկալացիան հրահրվում է, որպեսզի Հայաստանի ղեկավարությանն ստիպեն օգնության դիմել ՀԱՊԿ-ին: Սակայն իշխանությունները, մասնավորապես, բանակի ղեկավարությունը գիտեն այդ օգնության գինը:

Ավելին, չի բացառվում, որ Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին դիմել են, եւ նույնիսկ արդեն պատասխան են ստացել: Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը: Խաղաղապահներ, ովքեր տեղակայվելու են Ռուսաստանի ու Ադրբեջանի որոշած գծի վրա: Ռուսաստանը ներկայիս սահմաններին խաղաղապահներ չի տեղակայելու, նրան դա պետք չէ:

Դա հազիվ թե ձեռնտու լինի հայկական կողմին, սակայն հայերի հնարավոր առարկությունների դեպքում Ռուսաստանը ցույց կտա «մադրիդյան սկզբունքները» քննարկելու Երեւանի համաձայնությունը, որը տարածքային զիջումներ է ենթադրում:

Հայկական կողմը չի կարող դիմել նաեւ ԵԱՀԿ օգնությանը, քանի որ նրանք նույնպես անմիջապես կարող են խաղաղապահների տեղակայում առաջարկել, եւ նորից, «մադրիդյան սկզբունքների» համաձայն, այն գծի վրա, որի շուրջ կպայմանավորվեն Ադրբեջանի հետ:

Հայաստանն այդ առումով միայնակ է, սակայն դա ոչ թե թուլության, այլ ուժի նշան է, քանի որ տվյալ պահին կողմնակի ճնշումն ավելի շատ խանգարում է Հայաստանին: Հայաստանը ոչ ոքի դիմելու կարիք չունի: Ոչ Մինսկի խմբին, որը փորձում է գտնել «մեղավորին», չնայած Ադրբեջանը բացահայտ խոսում է այն մասին, որ հրաման է տրված խոցել բոլոր «շարժվող թիրախները»: Ոչ էլ Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, որոնք ոչ թե օգնում, այլ զսպում են Հայաստանին:

Հայերը ստիպված են լինելու ինքնուրույն լուծել ղարաբաղյան հակամարտությունը, առանց օգնության: Սակայն դրա համար անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր պարտավորությունները՝ հրաժարվել կապիտուլյացիոն «մադրիդյան սկզբունքներից» եւ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի առաջ պարտավորություններից: Դրա համար առավել քան լավ առիթ է ստեղծվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել