Tert.am-ը գրում է.

Պետք է գտնվեն լուծումներ և արդեն ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները ադրբեջանական սադրանքների դեմ լուծումներ գտնեն ՀԱՊԿ-ում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Արդեն ժամանակն է... ոնց որ թե մեր ղեկավարությունը պետք է «սոդրուժեստվոյի» հետ (նկատի ունի ՀԱՊԿ-ը) ամենը անի...Այնտեղ որոշում կայացնեն»,-ասաց Կոմանդոսը:

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը, պատասխանելով հարցին, որ Հայաստանը«Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության» անդամ է, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը համարժեքորեն չի արձագանքում, հայտարարություններ ընդունում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ, ասել էր. «Կարծում եմ`հայտարարություն կլինի (ՀԱՊԿ-ից), բայց կարծում եմ՝ բանը հայտարարությունները չեն, այլ ադրբեջանական հնարավոր թշնամական գործողություններն արգելափակելու հայկական զինուժի իրական հնարավորությունները»:

Նա նաև հավելել էր, որ ՀԱՊԿ-ում գտնվում են պետություններ՝ տարբեր հետաքրքրություններով, ապա ավելացրել «Եվ ՀԱՊԿ-ը հարթակ է, այդ թվում նաև՝ ռուս-հայկական համագործակցության մշակման, ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական ոլորտներում: Ուստի, կարծում եմ, այդ առումով կազմակերպությունն իր դերը կկատարի»:

Բայց կոնկրետ իր անդամ կազմակերպությանն իրական ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին հարցի կապակցությամբ ընդգծել էր, որ որքանով տեղյակ է՝ Հայաստանի ռազմական դոկտրինում գրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը արտաքին ագրեսիայի՝ հարձակման դեպքում նախ և առաջ, անսում է սեփական ուժերի վրա»:

Ամեն դեպքում՝ Կոմանդոսն այն կարծիքին է, որ Ադրբեջանը «լայնամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորություն չունի և դիմում է սադրանքների»: Նա սա հետևյալ կերպ ձևակերպեց. «Իրենք ուժ չունեն հարձակվելու, բայց պետք է ցույց տան, որ իրենց հասարակությունը չգիտեմ ինչ վիճակի մեջ է ու այդպես պրովոկացիաներ անեն»:

Ըստ Կոմանդոսի, եթե հայկական պատասխանը համարժեք չլինի՝ նրանք անընդհատ ոտնձգությունների կդիմեն մեր սահմանների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել