Անցյալ տարի ամռանը թշնամին էլի ակտիվացել էր: Կրակի տակ էր պահում մեր մի քանի գյուղեր: Այդ օրերին մի քանի լրատվական կայք գրեցին, որ իրենք տեղեկություններ ունեն իրենց հավաստի աղբյուրներից, որ գյուղերից մեկի մոտ տեղակայված մեր դիրքից պատասխան չի տրվում մեր գյուղը կրակի տակ պահով թշնամու դիրքին: Անգամ իբր ինչ-որ գյուղացիներից էին ճշտել, որ մերոնք չեն պատասխանում: Համացանցում էլի սկսեցին քլնգել մեր բանակի ղեկավարությանը, էլի ստեղնաշարով բաքու մտնողներ հայտնվեցին, որ պատերազմ հաղթած մեր սպաներին սովորեցնում էին ինչ է պետք անել ու ինչպես: Իհարկե այդ նյութը գրող լրագրողներն այդ գյուղ չէին գնացել, իրենց օֆիսներից կամ տներից էին գրել, ամեն դեպքում ապահով թաքնվելով վերմակի տակ: բաքու մտնողներին էլ էին վերմակի տակից գրում, որ հանկարծ բակում հրավառության ձայներն ուրիշ բանի հետ չխառնեն ու տակները չանեն:

Որոշ ժամանակ անց այդ գյուղում էի(հասկանալի պատճառներով անունը չեմ նշում): Առաջին գծի սահմանապահ գյուղում, որտեղ երեխաներն անգամ կարողանում են տարբերակել իրենց գյուղի վրա կրակող զենքերը միայն ձայնով: Գյուղապետին հարցրեցի այդ միջադեպի ու մեր «չպատասխանելու» մասին: Զգացի, որ հարցս մոտը զայրույթ առաջացրեց, ավելի ճիշտ արթնացրեց հին զայրույթը: Պատմեց, որ այդ ժամանակ թշնամին նաև նոր կրակակետից էր սկսել գնդակոծել գյուղը: Կամանդիրը` իրենց տարածքի գումարտակի հրամանատարն իրեն զանգել ու զգուշացրել էր, որ ուզում են նոր կրակակետի տեղը ֆիքսել, դրա համար սկզբում համարժեք պատասխան չեն տալու, այլ մեկումեջ թեթև կրակելու են ընդամենը, որ դրանք նույն կրակակետից կրակը շարունակեն, մինչև իրենք տեղը գտնեն: Կամանդիրը խնդրել էր գյուղապետին մի քիչ դիմանալ, մինչև նոր կրակակետի տեղը ֆիքսեն ու այն վերացնեն: Բնականաբար այս ամենը լրատվամիջոցներին ու ֆեյսբուքյան ռազմագետներին չէին պատմելու, ու, երբ գյուղապետի ականջին էր հասել, թե ինչեր են ինտերնետում գրում, զայրացել էր, բայց ոչինչ անել չէր կարողացել:

Հետո ոչ ոք չիմանացավ, այդ թվում և խուճապ տարածած լրագրողները, որ մերոնց «լռության գինը» թշնամու նոր կրակակետ վերացնելն էր:

Հ.Գ. Պարտադիր չի, որ մենք այստեղ նստած ամեն ինչ իմանանք, մեր տղերքն այնտեղ չեն ծառայում, մեզ ինչ-որ բան պացուցելու համար, մեր համար թշնամու ոչնչացված կրակակետերի մոտ ու ասկյարների հետ սելֆիներ չեն անելու:

Հ.Հ.Գ. Նոր իմացել եմ մեր նոր պատասխանի մասին, բայց դեռ չեմ կարող գրել, հուսով եմ շուտով պաշտոնական հաղորդում կլինի ու դուք էլ նույնքան այդ լուրով կուրախանաք, որքան ես, որովհետև ես հենց նման պատասխանի էի սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել