Tert.am-ը գրում է.

Իրավաբանական գիտության թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը այսպես թե այնպես պետք է բխի այն իրողություններից, որոնք կան արդեն 2013թ. սեպտեմբերի 4-ից, այսինքն՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, մի բան, ըստ նրա, որից «նեղվել պետք չէ, քանի որ ունենք այն, ինչ ունենք»:  «Հետևաբար, Հայաստանն այս պահին կարող է ֆորմալ առումով պահպանել տրենդը` տենդենցը` հարաբերություններ կառուցելու ԵՄ-ի հետ: Թե դրա արդյունքում բովանդակային առումով մենք ինչ կստանանք, ես չգիտեմ և որ ճիշտն ասեմ` կասկածում եմ որևէ հաջող պրոցեսի վրա»,- ասաց Արթուր Ղազինյանը:

-Պարո՛ն Ղազինյան, Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ համաձայնագրի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորի, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն: Ըստ որում, Բելառուսն ու Հայաստանը դրված էին նույն հարթության վրա: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նման ոչ լավատեսական հայտարարություն հնչեց, եթե մինչև վերջերս թե՛ ԵՄ պաշտոնյաների, թե՛ ՀՀ իշխանությունների սպասելիքներն այդ առումով շատ ավելի լավատեսական էին: Ի՞նչ է փոխվել, ըստ Ձեզ ու ի՞նչ կարելի է ակնկալել ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասով:

-Մենք պետք է մի բան հասկանանք, որ Բելառուսն ու Հայաստանը իրավական, ֆորմալ առումով գտնվում են համագործակցության նույն ֆորմատի մեջ, այսինքն՝ հանդիսանում են Եվրասիական միության անդամ: Բնականաբար, ԵՄ-ն այս երկու երկրների հետ համագործակցում է՝ հիմք ունենալով այս հանգամանքը: Հետևաբար, այն փաստը, որ Բելառուսն ու Հայաստանը Եվրամիության համար հայտնվել են միևնույն հարթության մեջ, բնականոն երևույթ է, դրանից նեղվել պետք չէ: Դա մեր որոշումն է եղել՝ ԵՏՄ-ին միանալու: Ինչ վերաբերում է Եվրամիություն-Հայաստան այդ համաձայնագրին, պետք է նշեմ, որ քաղաքական որոշակի պայմանավորվածություններից այն կողմ համագործակցությունը որևէ նոր ռեսուրս ու հնարավորություն չունի, որովհետև Հայաստանը տնտեսական ինտեգրացիայի ճանապարհ է ընտրել է ԵՏՄ-ի հետ: Դուք գիտեք, որ ԵՏՄ առաջնորդ համարվող Ռուսաստանն ունի մեծ, համակարգային, գլոբալ խնդիրներ արևմտյան երկրների ժողովրդավարությունների հետ: Հետևաբար, Հայաստանն այս պահին կարող է ֆորմալ առումով պահպանել տրենդը` տենդենցը` հարաբերություններ կառուցելու ԵՄ-ի հետ: Թե դրա արդյունքում բովանդակային առումով մենք ի՞նչ կստանանք, ես չգիտեմ և որ ճիշտն ասեմ՝ կասկածում եմ որևէ հաջող պրոցեսի վրա:

-Բայց չէ՞ որ հենց վերջերս հենց եվրոպացի պաշտոնյաները հայտարարում էին, թե քանի որ ԱլԳ ծրագրի երկրներն առանձնահատուկ են, պետք է լինի ԵՄ-ի տարբերակված մոտեցումը երկրների նկատմամբ, ինչը բավականին լավատեսական կանխատեսումների հիմք էր տալիս: Բայց հիմա մեզ դնում են Բելառուսի հետ միևնույն հարթության մեջ:

- Բնականաբար, ԱլԳ ծրագրում կան 6 երկրներ, որոնք տարբեր ճանապարհներ են ընտրել. Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ընտրել են ասոցացումը ԵՄ-ի հետ, կան երկրներ, որոնք, հակառակը, որոշել են Եվրասիական միությանը միանալ՝ ի դեմս Բելառուսի և Հայաստանի: Եվ կա նաև մի երկիր՝ Ադրբեջանը, որը չի միանում ոչ մի ինտեգրացիոն գործընթացի: Հետևաբար, երկրները խմբավորելու պարագայում, Հայաստանը հայտնվում է այն երկրների ցանկում, որոնք գտնվում են ԵՏՄ կազմում: Հետևաբար, կրկնում եմ, եթե մենք խոսում ենք իրավական պայմանագրի մասին, ապա չեն կարող հաշվի չառնվել Հայաստանի՝ ԵՏՄ առջև ստանձնած պարտավորությունները: Եվ դա վերաբերում է առաջին հերթին տնտեսական, իսկ որոշ իմաստով` քաղաքական պարտավորություններին: Քաղաքական պարտավորությունները, բնականաբար, ենթադրում են որոշակի սահմանափակումներ, զսպումներ ԵՄ-ի հետ հետագա շփումների զարգացման պրոցեսում: Սա է նշանակում, որ Լյուքսեմբուրգի՝ նախագահող երկրի վարչապետն ու արտգործնախարարը նման հայտարարություններ են անում՝ դեռևս Հայաստանը դիտարկելով որպես պոտենցիալ համագործակցող երկրների շարքում: Իսկ պրակտիկապես ի՞նչ կունենանք, դրա մասին խոսվում է 2013թ. սեպտեմբերի 4-ից: Հենց այդ օրվանից ԵՄ-ն ասաց, որ հանձնառու է, պատրաստ է, շուտով կլինի, վաղը կլինի, մյուս օրը (ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը)…

-Բայց չէ, հենց սեպտեմբերի 4-ից հետո՝  2014 թվականին են արձանագրվել տնտեսական ցուցանիշներ, ըստ որոնց` ԵՄ-ն Հայաստանի համար թիվ մեկ գործընկերն է արտաքին առևտրի առումով: Այսինքն` Ձեր այն պնդումը, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո այդպես էլ պետք է լիներ, այնքան էլ այդպես չէ:

-Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներով, այո, ԵՄ-ն ՀՀ-ի հետ ավելի շատ արտաքին առևտուր ունի, քան Ռուսաստանը: Ուղղակի այդ առումով Ձեզ կառաջարկեի, որ հարցը ուղղեք ոչ թե ինձ, այլ անձին, ով կայացրեց ԵՏՄ-ին անդամակցելու որոշում: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը ԵՏՄ-ի փոխարեն պետք է ընտրեր ԵՄ-ն, ինչի անհրաժեշտության մասին ասել եմ բազմաթիվ անգամ: Որ սա սխալ ու Հայաստանի համար անհեռանկարային որոշում էր, ինչը հենց հիմա ու ամեն րոպե ապացուցվում է:

-Սահմանադրական փոփոխությունների նախագծում կա տարբեր վերպետական կառույցներին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու դրույթը։ Ի՞նչ եք կարծում, եթե այն մնա վերջնական տարբերակում, ապա կունենա՞ հետադարձ ուժ:

-Որքանով տեղյակ եմ՝ դրված է: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, մենք այստեղ գործ ունենք իրավունքի հետ, որ Սահմանադրությունը գործում է ընդունման պահից հետո: Այսինքն` մինչև սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը կատարված գործողությունները չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Այսինքն, որ առանց հանրաքվեի, առանց ժողովրդի կարծիքը հարցնելու ու Սահմանադրության նորմատիվ, իրավական պահանջները պահպանելու՝ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին, դա արդեն իսկ փաստ է: Ոչ իրավական, բայց դե ֆակտո այդ իրավիճակն է:

-Այսինքն, ըստ Ձեզ, դա կարող է արվել միմիայն երկրի ղեկավարի քաղաքական որոշումով:

-Քաղաքական որոշում է եղել և, ըստ այդմ էլ, հենց նույն ընթացակարգով պետք է դուրս գա: Եթե, իհարկե, նման որոշում լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել