Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց՝ աշխատանքներ սկսել «Համահայկական խորհրդի» ձևավորելու ուղղությամբ. այս մասին հանձնաժողովի 6-րդ նիստին հայտարարեց Վիգեն Սարգսյանը և տեղեկացրեց, որ խորհուրդը կձևավորվի հանձնաժողովի հենքի վրա, սակայն դեռևս չի ավարտի իր աշխատանքները:

Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստան-Սփյուռք համաժողովին էր դեռևս Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել քննարկել, որ հանձնաժողովի հենքի վրա համահայկական մարմին ստեղծվի, որը կդառնա աշխարհում հայերի վիճակին անդրադարձող, պարբերական խորհրդատվություններ անցկացնող մի հարթակ:

«Այս տարվա համատեղ աշխատանքնը ցույց տվեց այսպիսի փոխգործակցության արդյունավետությունը և հնարավորությունները և, հետևաբար, այսօր քննարկելով այդ առաջարկությունը պետական հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ արտահայտեցին այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելու համար»,-ասաց նա:

Այս նպատակով ձևավորվել է հատուկ հանձնախումբ, որը կգլխավորի ՀՀ ՍԴ նախագահ  Գագիկ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը նշանկվել է հանձնախմբի քարտուղար։

«Փոխգործակցելով բոլոր կառույցների հետ, սփյուռքի համայնքների հետ կանենք հնարավորը, որպեսզի մինչև հաջորդ տարի սեպտեմբերի 20–ը՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի նախաշեմը, կարողանանք հասցնել կատարել նախապատրաստական աշխատանք և գումարել Համահայկական խորհրդի առաջին նիստը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Երկրորդ կարևոր զարգացումը, որ այսօրվա նիստին տեղի ունեցավ, ըստ Վիգեն Սարգսյանի փոխանցման՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական թղթածրարի հայեցակարգային փաթեթի հանձնումն էր ՀՀ Նախագահին:

Նա նաև նշեց, որ հանձնաժողովը քննարկում է նաև Սիրիայում և Իրաքում հայկական համայնքների վիճակին առնչվող հարցեր, պատրաստվում է համապատասխան հայտարարության տեքստեր, որը հանձնաժողովը կքննարկի և կընդունի, այնուհետև կշարունակվեն աշխատանքները օրակարգային մնացած աշխատանքների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել