Lragir.am-ը գրում է.
ՀՀ նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նիստի սկզբում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել շնորհակալագրերի: Սերժ Սարգսյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ, ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել