Փաստացի պատերազմ, ավելի ճիշտ՝ դրա ակտիվ շարունակություն: Իմ մոտեցումն ընկերներս գիտեն՝ ես այն երբեք ավարտված չեմ համարել: Բայց: Թշնամու վերջին գործողությունը, մասնավորապես, առաջնագծում չգտնվող զինվորական օբյեկտի հրետակոծումը, որի հետևանքով ունեցանք 4 զոհ և բազմաթիվ վիրավորներ, մղում է որոշակի մտքերի, բայց ամենից առաջ՝ գործողությունների: 
Ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել, թե բանակը կամ մեր Զինված ուժերն ինչ անեն, առավել ևս՝ ինչպես: Նախ, ես ռազմական գործի գիտակ չեմ, երկրորդ, ամենակարևորը՝ ես վստահում եմ իմ պետության (հասկանալի է, Արցախը՝ ներառյալ) բանակին ամբողջությամբ և վստահ եմ, որ թշնամուն պատասխան կտրվի և ցավոտ պատասխան կտրվի:
Մեզ, կարծում եմ, մնում է չխանգարել մեր բանակին: Գոնե չխանգարել: Էշ-էշ չդնել ու զինտեխնիկայի շարժ նկարագրել կամ լուսանկարները դնել համացանց (դուք հո թուրքի շպիո՞ն չեք, արա): Չնստել, երկար-բարակ պատմել, թե էսինչ չաստում եմ ծառայել, էսինչ տեղում է, սա էլ՝ էնինչ: Մուտիլովկա չանել և այլոց մուտիլովկաները չտարածել: Հիմար բացականչություններ չանել այս կարգի՝ «բա ո՞ւր է էսինչը կամ էնինչը...», մանավանդ, որ էսինչն ու էնինչը հատկապես բազմոցային «գեներալներին» զեկուցելու չունեն: 
Առավել ևս, անիմաստ եմ համարում Ռուսաստանի, «դաշնակիցների» ու նման թեմաներով հուզական ձայնարկությունները: Մենք միայն 1 դաշնակից ունենք՝ մե՛նք: Մեր միակ դաշնակիցը թշնամուն դիմակայելու և ոչնչացնելու նպատակով համախմբված մեր ազգն է: Ի վերջո, մենք հաղթել ենք ու հաղթելու ենք այն դեպքերում, երբ մեր հույսը բացառապես մեր ու մեր ունակությունների վրա ենք դնում: Իսկ Ռուսաստանը հա՛ էլ երկու-երեք լարի վրա է խաղացել: Ջհանդամը՝ իրենց խաղերը, մենք մե՛ր հողուջրին ենք տեր... 
Առհասարակ, մեզ մնում է նաև կազմակերպվել, ըստ անհրաժեշտության՝ բանակին միանալու համար: 
Ես, իհարկե, գիտեմ, որ մեր երկրում էշելոններով ներքին, տնտեսական, սոցիալական հարցեր էլ չէ՝ պրոբլեմներ կան: Բայց, հիմա գլխավորն արտաքին ագրեսիային դիմակայելը և ագրեսորին ու նրա թիկունքից երևացող «պոչ խաղացնողներին» հակահարվածելն է:

Խոնարհվում եմ մեր զոհված զինվորների հիշատակի առջև ու ցավակցում բոլորիս: Մեր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել