Սահմանային լարվածությունը, մեր և հակառակորդի կողմից տված զոհերի քանակը, Ադրբեջանի վարքը և այս ամենին միջնորդների ոչ համարժեք արձագանքը պայմաններ են ստեղծում, որ Հայաստանը վերագնահատի ԼՂ-ի՝ թերևս այլևս գոյություն չունեցող բանակցային գործընթացի նկատմամբ իր վերաբերմունքը, մասնակցության նպատակահարմարությունը և ֆորմատը: Մեր կողմից Ադրբեջանի նկատմամբ որդեգրված «պատժիչ գործողությունների» ռազմավարությունը, թերևս, կարճաժամկետ էֆեկտ է տալիս: Տալով զոհեր զինվորական շրջանում՝ Բաքուն համեմատաբար հանդարտվում է, հետո կրկրին ակտիվանում. ունենում ենք վիրավորներ, երբեմն՝ դժբախտաբար նաև զոհեր: Եվ քանի որ մեզ համար մեր զինվորի կյանքը կարևոր է, իրենց համար, ամենայն հավանականությամբ, ոչ այդքան, ապա Ադրբեջանը կարող է պարբերաբար այսպես վարվել:

Սա որևէ կերպ մեզ համար շահեկան տարբերակ չէ, ուստի «պատժիչ գործողություն» ասածը հավանաբար պետք է անհամաչափության տիրույթում լինի: Վերջիվերջո գիտակցելով զանգվածային պատերազմի վերսկսման վտանգը՝ պետք է նաև հաշվի առնել, որ ռեակցիոն մեթոդները միգուցե այլևս համարժեք չեն ձևավորված իրավիճակին: 
Թիրախավորել է պետք հավանաբար ադրբեջանական այն կետերը, ենթակառուցվածքները և քաղ.բնակչության կենսագործունեության օբյեկտները, որոնց ոչնչացման արձագանքն այդ երկրի հասարակության մեջ կհանգեցնի լրջագույն ալեկոծումների հանրային տրամադրությունների/գործողությունների մասով: Դա կարող է ստիպել Ալիևին առավել սթափ գնահատել իրավիճակը և այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ սեփական երկրում ընդհանուր և նախընտրական հնարավոր զանգվածային դժգոհությունների արդյունքում: Սակայն հարկ է նշել, որ իրավիճակային ցանկացած լուծում մշակելու պարագայում ռիսկայնության տոկոսը բավական բարձր է, ուստի շատ զգույշ պետք է լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել