Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին պետության կողմից կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Ներկայումս գործող կարգով անապահով ընտանիքների ուսանողների վարձավճարը փոխհատուցվում էր միայն երկրորդ կուրսից սկսած, իսկ այժմ այն կտրվի առաջին կուրսից:

Ընդունված որոշմանը կարևորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Շատ կարևոր որոշում ենք ընդունում, որի շնորհիվ տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենա իր բարձրագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ: Հատուկ ուզում եմ շեշտել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանպատակը մեր լավ ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այս նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամրագրել ենք ուսման զեղչերի համակարգ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաև բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները ուղղվում են ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն: Գործում է նաև արտոնյալ ուսանողական վարկերի համակարգը: Մենք ներդրել ենք «Փարոս» համակարգում ընդգրկված և լավ սովորող ուսանողների համար պետական աջակցության ծրագիր երկրորդ կուրսից: Այս որոշման շնորհիվ պետական աջակցությունը հասանելի կդառնա մեր երիտասարդների համար առաջին կուրսից, ինչը շատ կարևոր հարց է, և շուրջ 350 ուսանող կօգտվի այս արտոնությունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել