Tert.am–ը գրում է.

Իսրայելում հինգշաբթի օրը տեղի է ունեցել հրեա հայտնի սուպերմոդել Բար Ռաֆայելիի հարսանեկան ճոխ արարողությունը որը, սակայն, լուրջ տարաձայնությունների առիթ էր դարձել բարձրաստիճան հրեա պաշտոնյաների շրջանում։

Ինչպես նշում է The Telegraph-ը, պատճառն այն է, որ 30-ամյա մոդելն ու նրա փեսացուն` միլիոնատեր Ադի Էզրան, նախապես դիմել էին իշխանություններին` ցանկություն հայտնելով, որպեսզի իրենց հարսանիքի օրն Իսրայելի հյուսիսային հատվածը ոչ թռիչքային գոտի ճանաչվի։

Զույգը մտավախություն է ունեցել, որ այդ օրը պապարացիները կարող են ուղղաթիռներով հասնել միջոցառման վայր ու իրենց հարսանիքից կադրեր ֆիքսել: Ուստի՝ Ռաֆայելին և Էզրան դիմել են Իսրայելի քաղավիացիային` խնդրելով 1 օրով տեղանքում թռիչքային արգելք սահմանել:

Իշխանություններն ընդառաջել են զույգին, ինչը դուր չի եկել նախևառաջ երկրի տրանսպորտի նախարար Իսրայել Կացին, ով սպառնացել է արգելքը չչեղարկելու դեպքում պաշտոնից հեռացնել Քաղավիացիայի նախագահին։

Բրիտանական պարբերականը հավելում է, որ մի շարք այլ հրեա պաշտոնյաներ քննադատել են որոշումը` պարզաբանելով, որ չի կարելի երկրի օդային սահմանը փակել` ելնելով կոմերցիոն նպատակներից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել