Tert.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն ակնկալում է, որ Հայաստանում տարին կփակվի 2.5 տոկոսանոց տնտեսական աճով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ ներկայացուցիչը, ով այսօր հանդիպել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանից վերադարձած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ըստ որում, նույն ԱՄՀ-ն այս տարվա հունվարին կանխատեսել էր 0 տոկոսանոց, իսկ ապրիլին՝ 1 տոկոսանոց աճ և հիմա, փաստորեն, վերանայում է կանխատեսումը։

ԱՄՀ հայաստանյան ղեկավարը նշեց. «Ինչպես գիտեք, պետական եկամուտների հավաքագրումն այս տարի մի փոքր ավելի ցածր է եղել, տարին բյուջեի համար դյուրին չի եղել: Եվ այս օրերի ընթացքում ինտենսիվորեն քննարկվել է հաջորդ տարվա բյուջեն, որպեսզի ճիշտ ցուցանիշներ ամրագրվեն: Իսկ դա դժվար է, քանի որ հեռանկարի և եկամուտների հավաքագրման առումով դեռևս բավականին մեծ անորոշություն է առկա, որը բյուջեի համար ռիսկեր կավելացնի, որոնք, թերևս, սովորական տարիներից ավելի շատ կլինեն»: 

ԱՄՀ հայաստանյան առաքելության խնդիրներից մեկը եղել է հենց այդ ռիսկերի գնահատումն ու մեղմումը:

Եթե այս տարվա համար ԱՄՀ-ն կանխատեսում է 2.5 տոկոսանոց տնտեսական աճ, ապա մյուս տարվա համար՝ 2.2, քանի որ, ինչպես Մարկ Հորթոնը նշեց, որ այս տարվա աճը պայմանավորված է միանվագ գործոներով, որոնք չեն կրկնվի: Այս գործոններն են՝ պղնձի հանքի բացումը, բացառիկ լավ գյուղատնտեսական տարին:

Տնտեսական աճի դանդաղելը նաև պայմանավորված է բանկային ոլորտի իրավիճակի հետ՝ տոկոսադրույքները բարձր են, դրա հետևանքով՝ վարկավորման աճը մեծ չի եղել:

Այս ամենը, ըստ Մարկ Հորթոնի, հիմնավոր է դարձնում համակարգի ագրեսիվ բարեփոխումների անցկացումը, բիզնեսի միջավայրի բարելավումը, շուկաների բազմազանեցումը և  արտաքին գործընկերների բազմազանությունը։

Այս առումով որոշ նշաններ ԱՄՀ-ում տեսնում են, մասնավորապես, որ ավելանում է Մերձավոր Արևելք ուղղվող  արտահանումների ծավալը, ավելանում են  նոր նախաձեռնություններ Չինաստանի հետ, որոնք փոխլրացնող նշանակություն կունենան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Մարկ Հորթոնը տեղեկացրեց նաև, որ ՀՀ իշխանությունների հետ հանգամանալից քննարկել են Հայաստանի կողմից պատրաստվող Հարկային օրենսգիրքը, որով նախատեսվում է հաջորդ հինգ-տասը տարիների կամ այլ երկարաժամկետ ժամանակահատվածի համար կայուն հարկային համակարգ ներդնել:

Մարկ Հորթոնը նշեց, որ հաշվի առնելով, որ  մյուս տարվա բյուջեն կներառի նաև ակցիզային հարկի որոշակի բարձրացումներ, որոնք ընդունվել էին երկրորդ ընթացմամբ դեռևս հունիսին, մյուս՝ 2016թ. բյուջեով  ծախսերը շատ չեն ավելանա,  «քանի որ իրավիճակը բավականին սեղմ է և բարդ»։

Իսկ գալիք տարվա բյուջեի ֆինանսավորման աղբյուրներն արդեն հայտնի են, և պակասորդը, ըստ կանխատեսումների, կկազմի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը:

ԱՄՀ պաշտոնյան նկատեց, որ արտարժույթների փոխարժեքների առումով ևս կպահպանվեն որոշակի անորոշություններ կապված՝ Չինաստանի, ՌԴ և այլ երկրների մետաղների գների հետ:

Մարկ Հորթոնը արձանագրեց, որ վերջին մի քանի տարիներին աճել է պետական պարտքը, ըստ նրա՝ անհրաժեշտ է միջնաժամկետ հատվածում  սկսել դրա նվազեցումը:

Անդրադարձ կատարվեց ՀԷՑ-ի աուդիտին։ «Այդ աուդիտը անդրադառնալու է նաև էներգետիկայի ոլորտի երկարաժամկետ ծրագրերի վրա»,-նշեց Մարկ Հորթոնը: 

«Նոր լիցքով է էլցանց մուտք գործելու նոր ներդրողը։ Թերևս կարիք կլինի լրացուցիչ ուսումնասիրել սակագների  ձևավորման գործընթացը՝ համոզվելու, որ էլէներգիայի ոլորտի ձեռնարկությունները զբաղված են իրենց բուն գործունեությամբ»,-հավելեց ԱՄՀ ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել