Tert.am-ը գրում է.

Պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք, սփյուռքում գործող մեր կառույցները, ակտիվիստներն ամեն մեկն իր երկրում պետք է կարողանա ճնշում գործադրել տվյալ երկրի իշխանությունների վրա, որպեսզի իրենց խոսքն ասեն, միջամտեն այն ամենին, ինչ փորձում է անել Ալիևը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին:

Հարցին, թե ինչ է անում նախարարությունը՝ միջազգային կառույցներին այս հարցում ներգրավվելու հարցում, Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ  2014 թվականի սեպտեմբերի 15-20-ին տարբեր երկրների հայկական կառույցների ներկայացուցիչներ էին հավաքվել ու որոշում էին առաջնահերթությունները, դրանցից մեկը հենց ղարաբաղյան հիմնախնդիրն էր:

«Սա ոչ միայն Հայաստանի, այլ ողջ հայ ազգի խնդիրն է: Մենք պայմանավորվածություն ունենք և շատ դեպքերում, երբ լարվածություն է առաջանում սահմանին, դիմում ենք սփյուռքի մեր կառույցներին: Նրանք ցույցերով, ճնշումներով փորձում են այդ երկրների իշխանություններին մասնակից դարձնել այդ գործընթացին»,- ասաց նախարարը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը սահմանին լարված վիճակ է ստեղծում՝ փորձելով վնաս հասցնել Հայաստանի զբոսաշրջությանը, տնտեսությանը, վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին բերքահավաքի այս ժամանակահատվածում:

«Ալիևն անընդհատ փորձում է ձևեր գտնել՝ ի վնաս մեր հանրապետության: Մենք արժանի հակահարված ենք տալիս, մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարավորություններն այնպիսին են, որ երբեք չպետք է մտածենք, թե մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, ցանկանում է խնդրի լուծմանը հասնել Մինսկի խմբի շրջանակներում, ոչ թե այն ճանապարհով, ինչ՝ Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել