Երբ ասում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Մաքսային միություն բերել Ադրբեջանին և դրա համար փոխզիջումների է գնում, ինձ համար առնվազն տարօրինակ է: Ադրբեջանի միակ ճանապարհը հենց Մաքսային միությունն է, այլ կազմակերպության անդամ այս երկիրը լինել չի կարող, քանի դեռ իշխանության է ալիևյան կլանը: Դեպի Եվրոպա Ադրբեջանը գնալ՝ չի կարող մեզ հայտնի պատճառներից ելնելով (ավտորիտար ռեժիմ, մարդու իրավունքների ոտնահարում և այլն), Ադրբեջանը միություն չի կազմի նաև Իրանի հետ, քանզի այդ երկրի հետ ունեն կենսական շահերի շուրջ հակասություններ, և Իրանը ծածուկ հասկացնել է տալիս, որ ներկայիս Ադրբեջանն իր պատմական տարածքներն են, Ադրբեջանը չի կարող գնալ միության Թուրքիայի հետ, քանզի Ալիևները հասկանում են, որ կընդհատվի իրենց իշխանության ժառանգաբար փոխանցվելը, և միայն Ռուսաստանի հետ է, որ նրանք կկարողանան պահել իշխանությունը և համեմատաբար անվտանգ իրավիճակում լինել: Հիմա հարց է առաջանում, որքանո՞վ է շաղկապված վերջին շրջանում սահմանային լարվածությունն Ադրբեջանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ: Կարծում եմ, խնդիրը հենց դրանում է, և փորձ է արվում լարելով իրավիճակը՝ մի փուլում ասպարեզ բերել Ռուսաստանին, ով էլ կդառնա սահմանային խաղաղության գառանտը: Ինձ թվում է՝ ադրբեջանական իշխանությունների հաշվարկը հենց սա է, նրանք կարծում են, որ զոհերի ու վիրավորների փաստը երկու հասարակություններին էլ կստիպի ամեն գնով խաղաղության գնալ, ինչը կենթադրի դրական վերաբերմունք Արցախի հարցի սառեցման դեպքում: Իրականում Ալիևը լուծում է ընդամենը իշխանությունը պահելու խնդիր, իսկ իշխանություն նա կպահի միայն ու միայն ՌԴ-ի տակ լինելով, Ալիևը նաև լավ է հասկանում, որ հաջորդ հեղափոխությունն Ադրբեջանում է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել