Ադրբեջանական մամուլն այս օրերին հրճվանքի որոշ նշաններ է ցուցաբերում` գրելով, որ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը` Ռուսաստանը և ԱՄՆ-ը, վերջապես ադրբեջանամետ դիրք են գրավել: Այս կարծիքին է, մասնավորապես, քաղաքագետ Ղաբիլ Հուսեյնլին, ով մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը համանախագահների հետ` ասելով, որ մշտապես հայամետ դիրքորոշում ցուցաբերող Ֆրանսիան նույնպես փոխում է իր վերաբերմունքը: «Իսկ մեր արտաքին հաջող քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք Ռուսաստանը մեր մերձավոր բարեկամը դարձնել»,- իր ընթերցողներին զեկուցում է Հուսեյնլին:

Նրա ասելով՝ խոսքն, իբր, վերաբերում է Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, մի անհեթեթություն, որով այս փորձագետը կերակրում է իր հայրենակիցներին: «Եվ երբ այս պայմանավորվածությունն ավելի հստակեցվի, մինչև տարեվերջ հնարավոր կլինի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- տեղեկացնում է ադրբեջանցի քաղաքագետը:

Այս երկրի մամուլում մեծ արձագանք է գտել «Դոյչե վելեի» երեկվա հրապարակումը, որի համաձայն՝ Կրեմլը հմտորեն օգտագործում է Ադրբեջանի և Եվրամիության վեճը` պատրաստակամություն հայտնելով լցնել առաջացած դիվանագիտական վակուումը: Ադրբեջանցի փորձագետների հավաստմամբ՝ խոսքը վերաբերում է Հայաստանի, այսպես կոչված, «բռնազավթած» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուն:

Ոչ բոլորը, այլ միայն հինգը, այն էլ` փուլ առ փուլ, քանի որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև «կամրջակ» հանդիսացող երկու շրջանը Հայաստանը երբեք չի համաձայնի վերադարձնել: Դրա դիմաց Ադրբեջանը կարող է թույլ տալ, որպեսզի իր տարածքում Ռուսաստանը ռազմաբազա ստեղծի դեպի Սիրիա իր բեռների տարանցիկ փոխադրումն ապահովելու նպատակով: Այս տարբերակի ընդունման դեպքում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ըստ «Դոյչե վելեի», խնդիրներ կունենան իրենց բնակչության հետ, իսկ Կրեմլը միայն շահ կստանա:

Ակնհայտ միակողմանի շարադրանքը արտացոլում են նախ և առաջ Ռուսաստանի և Եվրամիության այժմյան սառը հարաբերությունները: Նպատակը, ըստ երևույթին, իրադարձությունների այսպիսի ընթացքը կանխելն է: Մեկնաբանության հեղինակ Իվան Պրեոբրաժենսկու վերնագիրն այդ է հուշում` «Ռուսաստանը փնտրում է Սիրիայի ճանապարհը, որն անցնում է Ղարաբաղով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել