Tert.am-ը գրում է.

Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները գործնական առումով հանգեցրին նրան, որ Հայաստանը ձևավորեց փոխգործակցության բացարձակ նոր մոդելներ՝ Հայաստան-Սփյուռք հարթության մեջ:  «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական հանձնաժողովի համաժողովի մեկնարկից առաջ լրագրողերի հետ զրույցում այս մասին ասաց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Կարողացանք բոլորս միասին աշխատել թե՛ պետական հանձնաժողովում, թե՛ տարածաշրջանային հանձնախմբերում: Հարյուրերորդ տարելիցի հաջողությունները ապացուցում են այն հսկայական ուժը, որ ունի ազգային խնդիրներին պետական միջոցներով տեր կանգնելու այս մոտեցումը»,-ասաց նա։

Վիգեն Սարգսյանը նշեց, որ ողջ աշխարհի հայության համար հարյուրերորդ տարելիցի արդյունքում Հայաստանը դարձավ այն տունը, որտեղ իրենք հոգով, սրտով ուզում են վերադառնալ որպես համախմբման վայր, որպես վայր, որտեղ իրենք կարող են մասնագիտական հաջողությունների հասնել, ծրագրեր իրականացնել:«Այն ակտիվությունը, որ մենք տեսնում ենք տարածաշրջանային հանձնախմբերից, հենց դրա մասին է վկայում»,-նշեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ Անմուոռուկը հասավ իր նպատակին այն առումով, որ ապրիլի 22-24 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից հիշատակի միջոցառումները ուղիղ եթերում հնարավարություն են ունեցել դիտել է մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն մարդ:

Խոսելով իրավական թղթածրարի մասին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս գործընթացի բաղկացուցիչ մասն է կազմում իրավական բաղադրիչը. «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն զբաղված է Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական թղթածրարի մշակմամբ: Վաղը Հայոց ցեղասպանության մասնագիտական հանձնաժողովի նիստին զեկուցվելու է գործընթացի ընթացքի մասին: Արդեն կան առաջին իրավական հայցերը»:

Ինչ վերաբերում է իրավաքաղաքական դաշտին, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ կան արդեն իրավական հայցերն ու պահանջները՝ ի դեմս Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի: «Այս գործընթացը շարունակվելու է, քանի որ մարդիկ գնահատում և կարևորում են այն ժառանգությունը, փաստաթղթերը, որոնք ունեն, դրան մեծապես նպաստեց նաև «Պատմիր քո պատմությունը» ծրագիրը, որն իրականացեց հարյուրերորդ տարելից պաշտոնական կայքէջում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա, մի շարք կարևոր ձեռքբերումներ, որ միջոցառումների տարվա ծրագիրը տվել է, դա միջազգային հանրության մասնագիտացած կառույցները, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունները բոլորը միաբերան ընդունեցին և հենց իրենք հնչեցրեցին Հայաստանի պարտավորությունը առաջնորդելու միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ:

«Մենք դա լսեցինք Գլոբալ ֆորումի նիստերի ժամանակ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովի ընթացքում: Կարծում եմ, որ Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը երկու տարին մեկ կանցկացվի Երևանում՝ նվիրվելով ցեղասպանության խնդիրներին առնչվող ամենատարբերի խնդիրներին կամ արդի փուլում տեղի ունեցող ցեղասպանություններին»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել