Քանդակագործ Դավիթ Բեջանյանի՝ «Հավերժության ժապավեն» կամ «Հուշարձան ճանապարհաշինարարներին» այս պղնձաձույլ՝ մոտ 20 մետր բարձրություն ունեցող արձանը, որը տեղադրված է Երևան-Սևան մայրուղու 33 կմ-ի վրա, մայրուղու ձախ կողմում հոգեվարքի մեջ է: Փրկություն է պետք: 

Նկարից երևում է, որ այն հետևողականորեն ոչ թե վերականգնվել կամ ուշադրության է արժանացել, այլ թալանվել է մինչև զարկերակի վերջին զարկը: Այս տեմպերով որ շարունակվի, ապա շուտով կհայտնվի 4-րդ նկարը, որում պատկերված կլինեն արդեն հենասյուները: 

Այս քանդակի մասին շատ է խոսվել, շատ է բարձրաձայնվել, սակայն պատկան մարմիններն ականջալուր չեն, կամ էլ խնդիրը 10-րդական է: 

Եթե այս հարցին լուծում չտրվի, ապա արձանների կողոպուտը կրելու է մասսայական բնույթ: 

Հարգելի՛ պատկան մարմիններ, արձանների պահպանության հարցն արդեն օրհասական է: Տրամաբանական չէ մի կողմից նոր ստեղծվող արվեստի գործերին ծափահարել, իսկ մյուս կողմից՝ եղածը «վարի տալու» գործընթացին դիտորդի ու ափսոսողի դիրքերից նայել: 

Թե ովքեր են մեղավոր, ինչն է ստիպում մարդկանց նման քայլերի դիմել և այլն, անարդյունք դիսկուրսներ են: Այս պահին անհրաժեշտ է ՓՐԿԵԼ «Հավերժության ժապավենը», այլապես «հավերժությունը» կպատվի «սև ժապավենով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել