Փաստաբան

Պետական իշխանության համակարգում կադրերը հաճախ ընտրվում են ոչ թե ըստ պրոֆեսիոնալ կարողությունների, այլ իշխանության ղեկավարի նկատմամբ ունեցած հավատարմության եւ նրա ցանկացած որոշումը իրականացնելու «անկոտրում» հատկանիշի համաձայն:

Զուտ տակտիկական առումով, իհարկե, նման քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում դրական արդյունքներ է արձանագրում. իշխանության ներսում տեսանելի ապագայի համար ապահովվում է հավատարմությունը, ներքին համախմբվածությունն ու միասնականությունը: Սակայն ստրատեգիական առումով այն վաղ թե ուշ հարուցելու է լրջագույն խնդիրներ. 
Իշխանության ղեկավարի անմիջական շրջապատը, որը մշտապես ձգտում է պահպանել ու հզորացնել սեփական կարգավիճակը, այս կամ այն կերպ, բացառապես իր շահերի պրիզմայով ֆիլտրացնում է պետության իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ստացումն ու դրանցից բխող որոշումների ընդունումը եւ թույլ չի տալիս գնահատել հնարավոր ռիսկերը եւ մշակել արդյունավետ հակազդեցության գործիքներ: 
Արդյունքում` հարկ եղած պահին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությունը զրկվում է պրոֆեսիոնալ, վճռական եւ նախաձեռնողական հմտություններով օժտված վարչարարներից:
Այսպիսով, չունենալով արժանի «պահեստայիններ»՝ իշխանությունը, գիտակցված, թե ոչ, չի սաղմնավորում ու «աճեցնում» վարչարարների նոր էլիտա, որը կփոխարինի իրեն եւ կիրականացնի իշխանափոխություն: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն իր ձեռքով սահմանափակում է իր իշխանության գոյության ժամանակահատվածը:
Արդարությունը պահանջում է արձանագրել, որ քաղաքական ընդդիմությունը դրսևորում է նույնպիսի վարքագիծ և մշտապես տառապում «անփոխարինելիության«շ» սինդրոմով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել