Լինելով ԵՏՄ անդամ երկիր և սերտ հարաբերություններ ունենալով ԵՄ երկրների հետ՝ Հայաստանը կարևորում է նաև Արևելքի և աշխարհի հզոր պետություններից մեկի` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Վերը նշվածի կարևորությունն առավել քան ակնհայտ է` նկատի ունենալով Չինաստանի քաղաքական կշիռն աշխարհում, նրա տնտեսական զարգացման մակարդակն ու ներուժը, ինչպես նաև քաղաքական պարտադրանքներից զերծ արտաքին քաղաքականությունը` ի տարբերություն, մասնավորապես, արևմտյան երկրների վերջնագրային պահանջներով ուղեկցվող հարաբերությունների: Վերջինիս ապացույցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի` Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ ՉԺՀ պետական խորհրդի նախագահի գնահատականն է հայ-չինական հարաբերություններին: Լի Քեցյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ Հայաստանի վարչապետի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության զարգացմանը և ամրապնդմանը:

Գործադիրների ղեկավարները փաստել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտին կայացած պետական այցը ՉԺՀ երկու երկրների բարեկամական հարաբերությունները բարձրացրել է որակական նոր մակարդակի և նոր թափ է հաղորդել հայ-չինական համագործակցությանը:

Իր խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, իսկ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Բանակցող կողմերը կարևորել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև շեշտվել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության էական՝ ավելի քան կես միլիարդ դոլարի հասնող աճը: Ուշագրավ է հատկապես Չինաստանի վարչապետի մոտեցումը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագրերի` Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նկատմամբ: Վերջինս վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունն այս հարցերում և պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության և այլ ոլորտներում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում չինական կողմի հետաքրքրությունը կարող է արմատական փոփոխություն առաջացնել այս նախագծի կյանքի կոչման հարցում: 
Եթե Չինաստանը վերջնականապես համոզվի, որ այս նախագիծն էական տնտեսական շահավետություն կունենա և կտեղավորվի իր կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում, ապա երկաթուղու կառուցման համար ֆինանսական ներդրումների խնդիրը վերջապես հնարավոր կլինի լուծել:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում ավելացել է հատկապես մեր երկրից Չինաստան արտահանման ծավալները: Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանումը Չինաստան կազմել է 106 մլն դոլար՝ 2014-ի ութ ամիսների 81 մլն դոլարի համեմատ: Սա մեր արտահանման ընդհանուր ծավալների 12,5 տոկոսն է կազմել, որը զիջում է միայն դեպի Ռուսաստան մեր արտահանման բաժնին: 2014-ի տարեկան արդյունքներով էլ Չինաստան է արտահանվել մոտ 171 մլն դոլարի հայկական ապրանք՝ նախորդ տարվա 69 մլն դոլարի դիմաց, իսկ դեպի Չինաստան արտահանումը կազմել է ընդհանուրի 11,3 տոկոսը՝ 2013-ի 4,7 տոկոսի փոխարեն:

Վերը նշվածից կարելի է փաստել, որ ակնհայտ է հատկապես արտահանման ծավալների անընդհատ աճ դեպի այնպիսի հեռանկարային և մեծ շուկա, ինչպիսին չինականն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել