Անցած դարի 60- 70- ական թվականներին, երբ մամուլում հերթական անգամ քննարկվում էր մարդկությանը միջազգային լեզու «նվիրելու» հարցը, հրապարակվեց արտասահմանյան մի քանի գիտնականի կարծիքը, թե այդպիսին կարող է հայերենը լինել: Գաղափարը կես- լուրջ, կես-կատակ բուռն արձագանք գտավ և բավական տարածվեց Սովետական միությունում:

Զուգահեռաբար ծնվեց հետևյալ անեկդոտը. իմանալով, որ հայերենը կարող է հռչակվել միջազգային լեզու, որը պետք է իմանան բոլորը, Չինաստանը դիմել է ԽՍՀՄ-ին, որպեսզի անհապաղ 10 մլն հայոց լեզվի ուսուցիչ ուղարկի՝ չինացիներին ուսուցանելու նպատակով: Հիմա ամեն բան գլխիվայր շուռ է եկել. այսօր չինարենը մեծ պահանջարկ ունի, և այն տիրապետելու ջանք են գործադրում հեռու-մոտիկ ազգերը:

«Վրաստանի նորություններ» կայքը հաղորդում է, որ այսօր Թբիլիսիում ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Մաճաբելին և Վրաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուե Բին համագործակցության հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթի համաձայն Չինաստանը մեկ ակադեմիական տարով Վրաստան կգործուղի 16 ուսուցիչ-կամավորականի, ովքեր «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ» ծրագրով կտեղաբաշխվեն Թբիլիսիի, Քութայիսի և Բաթումի միջնակարգ դպրոցներում:

Հռչակագիրը նաև նախատեսում է, որ Խանբանի կենտրոնը Վրաստանի դպրոցներում և համալսարաններում աջակցություն կցուցաբերի չինարենի ուսուցման գործընթացին և դրան առնչվող կրթամշակութային ծրագրերին: Ուսուցիչների ընտրությունը կատարվելու է կենտրոնի համաձայնությամբ: Կարևորագույն չափանիշներից մեկը լինելու է չինարենի բակալավրի աստիճանը:

Սա կլինի չինարենի ուսուցիչ-կամավորականների երրորդ այցը «Սովորեցրու և սովորիր Վրաստանի հետ» ծրագրով: 10 կամավորականից բաղկացած առաջին հոսքը ժամանել էր 2013 թվականին: Ծրագիրն սկսվել էր նախորդ իշխանության ժամանակ և նախատեսում էր, որ Վրաստան կժամանեն անգլերենի ուսուցիչներ և կդասավանդեն երկրի դպրոցներում: Ավելի ուշ ծրագիրն ընդարձակվեց և ներառեց գերմաներենը, հետո նաև՝ չինարենը: Կայքի շահառուները դրական են արձագանքել տվյալ ծրագրին:

Օգտատերերից մեկի կարծիքով՝ պետք է ուղարկել ոչ թե 16, այլ նվազագույնը երեք անգամ ավելի մեծ թվով ուսուցիչներ: Մեկ ուրիշն առաջարկում է վրացի կամավորականներին ուղարկել Չինաստան, որպեսզի նրանք հենց տեղում չինարեն սովորեն. և՛ լեզուն արագ կյուրացնեն, և՛ չինացիներին վրացերեն կսովորեցնեն: Օգտատերերից մեկն էլ կատակել է, թե չինացիները վրացիներին նաև աշխատել կսովորեցնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել