Картинки по запросу չինաստան հայաստանՉինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են լայն սպեկտորով, որն ընդգրկում է համագործակցության ընդգրկուն շրջանակ` գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, զբոսաշրջությունից մինչև գիտություն և տեխնիկա և այլն: Աճում է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, որի ծավալները հասնել են ավելի քան կես միլիարդ դոլարի:

Սակայն հարկ է նշել, որ Չինաստանի հետ Հայաստանի գործակցությունն ամբողջ ծավալով չի իրականացվում: Այդ է պատճառը, որ առաջացել է համապատասխան էժան և որակյալ տրանզիտային ուղիներ ստեղծելու անհրաժեշտություն, որը հնարավոր կդառնա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ և դեպի Չինաստան տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ: Գաղտնիք չէ, որ այս հարցում շահագրգռված է նաև Իրանը, որի շահերից է բխում «Մետաքսի» ճանապարհի տրանսպորտային միջանցքի ստեղծումը Չինաստանից դեպի Եվրոպա, որը նախընտրելի է, որ անցնի Իրանի և Հայաստանի տարածքներով: Այս հանգամանքով էլ պայմանավորված է Իրան–Հայաստան երկաթուղու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը:

Հայաստանի համար Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունն ունի ռազմավարական նշանակություն, որը ոչ միայն հնարավորություն կընձեռնի առանցքային դերակատարություն ստանձնել տարածաշրջանում, այլև գրանցել առևտրաշրջանառության զգալի աճ Իրանի, Չինաստանի և տրանսպորտային միջանցքի ուղու վրա գտնվող այլ երկրների հետ, միաժամանակ բարձրացնել ՀՀ բնակչության կենսամակարդակը: Բացի այդ, երկաթուղու կառուցման պարագայում Հայաստանը կապող օղակի դեր կստանձնի Վրաստանի և Իրանի միջև, և, հաշվի առնելով տարածաշրջանում, հատկապես Թուրքիայում, տեղի ունեցող իրադարձությունները, դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ կատարելու համար Հայաստանի տարածքն անվտանգության տեսանկյունից ավելի գրավիչ է դառնում:
Հարկ է նշել, որ Հայաստանը չինական կողմից ստացել է երկաթուղու կառուցման ֆինանսավորման հետ կապված կոնկրետ առաջարկներ:

Երկաթուղու շինարարության աշխատանքների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից հատկապես առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ կառավարության ղեկավարի այցը Չինաստան: Այցի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ երկաթուղու կառուցումը տևական ժամանակ կպահանջի թե կառուցման մանրամասնությունները համաձայնեցնելու, թե բուն կառուցման գործընթացն ավարտին հասցնելու համար, ուստի պետք է զինվել համբերությամբ, չհուսահատվել և հետևողական աշխատանքի միջոցով իրականություն դարձնել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել