Հատկապես Ադրբեջանի նկատմամբ Եվրախորհրդարանի՝ վերջերս ընդունած բավական խիստ բանաձևից հետո ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ Բաքվի վարչակարգին և իշխող բռնապետին սկսել են ներկայացնել որպես արևմտյան անարդար գործողությունների զոհ, որն իբր միայնակ կենաց-մահու կռիվ է տալիս սեփական երկրի ինքնիշխանության համար:

Պարզ է, որ ակնհայտ քարոզչական բնույթ ունեցող վերջին թեզը մշակվել և շրջանառության մեջ է դրվել հենց Բաքվում, իսկ ռուսաստանայան ԶԼՄ-ներն ուղղակի երկրորդում և նպաստում են դրա անհիմն տարածմանը՝ առաջնորդվելով լոկ մեկ սկզբունքով՝ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»: Մինչդեռ, նշված սկզբունքը հօդս է ցնդում, եթե մի պահ հիշենք Արևմուտքի հետ Ռուսաստանի «թշնամանքի» հիմնական պատճառի՝ Ղրիմի մասին, որի կապակցությամբ ադրբեջանական դիրքորոշումները և գործողությունները կրում են ակնհայտ հակառուսական բնույթ:

Ինչպես ժամանակին նշել էր նվաստս, Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների հնարավոր կարգավորման շրջանակում Ադրբեջանը կորցնելու է իր նշանակությունը որպես հակաիրանականության կարևորագույն հենադաշտ, ինչի հետևանքով Բաքվի բռնապետի սանձարձակ վարքագիծը՝ կապված հատկապես երկրի ներսում բռնաճնշումների «կատարյալ» համակարգի սերմանման հետ, այլևս աննկատ չի մնալու արևմտյան զանազան շրջանակների կողմից:

Հենց այս համատեքստում սեփական արժեքը նույն Արևմուտքի աչքում բարձրացնելու և հետագա քաղաքական սակարկություններում խուսանավելու ավելի մեծ դաշտ ապահովելու նպատակով հենց Արևմուտքից խողովակաշարային կախվածության մեջ գտնվող Բաքվի բռնապետն այժմ կարիք ունի Մոսկվայի կողմից հովանավորվող զոհի կերպարի, որի ձևավորմանը կարճամտորեն նպաստում են նաև ռուսաստանյան ԶԼՄ-ները՝ իբր «փրկելով» մեկին, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին երես է դարձնելու Ռուսաստանից՝ ի դեպ, հենց «սեփական երկրի ինքնիշխանության համար» նույն կեղծ քարոզչական կարգախոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել