Երեկ ՀՀ անկախության տարեդարձն էր: Ինձ ու ընտանիքիս համար դա կարևոր օր է: Աշխարհի շատ ազգեր կերազեն նման օր ունենալ իրենց օրացույցում. նրանց մի մասը միգուցե մի օր կհասնի դրան, մյուսները՝ ոչ: Ամեն տարի անկախության տարեդարձը ոչ այնքան դրա՝ անցյալում տեղ գտած իրողությունների արձանագրման, գովաբանման, այլ անկախ պետության մեջ 24 տարվա կենսագրության արժևորումն ու գնահատումը պետք է լինի:

Ինչպես ձեռքբերումների, այնպես էլ բաղթողումերի մասով մեզանից գրեթե յուրաքանչյուրը շատ տարբեր կարծիքներ կարող է հայտնել: Ձեռքբերումների մեջ ամենից հաճախ կխոսենք ԼՂՀ անկախության և ՀՀ զինված ուժերի, իսկ բացթողումների մեջ՝ երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակի, արտագաղթի, օրենքի անարդյունավետոթյան և շատ այլ բաների մասին: Իրականում բոլորն էլ մեծ հաշվող իրավացի կլինեն, քանզի մարդիկ, ապրելով այս երկրում, այնուամենայնիվ, լավ են տեսնում, թե ինչ է կատարվում, ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով:

Մի փոքր տարօրինակ է, բայց անկախության ընկալումը մեզանում բավական ոչ նյութական է: Մեզանից շատերին թվում է, թե այն ինքնին ենթադրելի է, մինչդեռ դա այդպես չէ: Եթե այսօր անկախ ենք, ապա դա չի նշանակում, թե վաղն էլ դա կշարունակվի: Այսօրվա աշխարհում անկախ կարող են լինել միայն հաջողված պետությունները, արդյունավետ երկրները, կայացած հասարակությունները՝ իրենց գիտակից ու ակտիվ քաղաքացիներով:

Այսօր մեր՝ մի բավական զգալի մասն այդ անկախությունը կարևորում է կենացների, բոցաշունչ ելույթների, դիմադիր կամ ընդդիմադիր կուսակցական/ոչ կուսակցական հավաքների, միտինգացույցային կամ քարոզչական միջոցառումների մակարդակում: Հասարակության մեկ այլ մասը՝ «շարքային» քաղաքացիները, մեծամասամբ անտարբեր են, ավելին՝ երբեմն դժգոհ հենց այդ անկախությունից: Պատճառների մասին կարող ենք ավերջ խոսել, բայց դե իրողությունը սա է:

Անկախ ապրելու և այդ վիճակը գնահատելու համար մենք այդ կամքն ու կարողությունը պետք է ունենանք: Ու երբ գա ինքնուրույն ու միգուցե ցավոտ որոշումներ կայացնելու ժամանակը, կարողանանք կրել մեր և մեր հայրենակիցների վրա դրանց հետևանքների պատասխանատվությունը: Իհարկե հեշտ բան չի. իսկ ո՞վ էր ասում, որ անկախ պետություն ունենալը հեշտ է լինելու: Ուղղակի պետք է սթափ գիտակցել ու հասկանալ, որ անկախությունը կամային ու նաև ոչ պոպուլյար որոշումների դաշտ է:

Այսօր «անկախության» կենացը խմելիս հիշենք, որ ամեն օր մեր անկախ լինելու մակարդակը փաստականորեն ավելի իջնում է, քանի դեռ շարունակում են աշխատել կաշառակեր չինովնիկն ու դասախոսը, թերուս բժիշկն ու անպարտաճանաչ ուսանողը, անօրեն ոստիկանն ու անարժան գեներալը, կուսակցական շահը պետականից գերադասող դիմադիրը կամ ընդդիմադիրը, և վերջապես, քանի դեռ կա, անտարբեր քաղաքացին: Ամեն օր այս վիճակում մենք ավելի ենք թուլանում, և երբ գա անհետադարձության կետը, ի՞նչ ենք անելու՝ արտագաղթելո՞ւ ենք՝ մեր երկիրը հերթական անգամ հանձնելով ուրիշներին:
Մեր պատմության մեջ կան դրվագներ, որ այևս չպետք է կրկնվեն....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել