Կասկածյալ եմ դարասկզբի, հույսի, լույսի շքախմբի մի պատվիրակ ձերբակալված, մի հոգեկան դարից ծնված արու զավակ, խաբված նոտա՝ մի սիմֆոնիկ թավ մեղեդու, մի երջանիկ կատակերգու, նորապսակ մի վերարկու, որ գնալով պիտի ցրի ձմեռը լուրթ, ցուրտն անհագուրդ, որ ցնծալով պիտի սեղմի դարից մի հունդ: Ապերջանիկ մի խամաճիկ՝ կախված այս մի թելից բռնած հոգավորի, որը ցանկացած ժամին եկած մի զինվորի, ձեռքերն արնոտ ու պղծացած մի բանվորի պարանոցի մի զարկերակ, նրա հոգուց բխած նամակ ու պատվիրակ մտացածին: Կասկածյալն եմ դարասկզբի կամ էլ երկաթ կռող դարբին, որ իր հերթին ժանգոտ պողպատ է հալածում, բազուկներով ջանում, հյուծվում ու մի լուծում գտնում դարից, որ այն հեռվից մի կառապան արկածներից ոտք է նետում, թռչում վեպից ու մի մանկիկ կաթնածինից լալիս է զուրկ, լալիս ինչպես քնից սրով արթնացած ու չմոխրացող մի տարերքից: Կասկածյալ եմ դարասկզբի ու բամբասանք քարեր թմբի, որ պիտի բամփի գլխին ատյաց մի սիրարփի, որ կարապի աչքից թռչում ու մխրճում կողը սուրբի նահատակաց, ինչպես դարբին արհամարհված ու խենթացած կայծից կամաց ու զայրացած մի մատռվակ արյուն ձեռքի գավաթում այն մաս-մաս ճաքած, մաս-մաս թափված, թունավորված, մաս-մաս պաղած կամ լերդացած, մաս-մաս թմրած մի դեղատոմս արյունոտված և վերջապես մի մասնատված կնիք ձեռքի ու ամենքի բնօրինակ, ճաղատներին անտառ կանչող մի լածիրակ և իհարկե մի պատվիրակ ձերբակալված: Նայիր ու տես, որ կասկածյալը իսկապես կրծում է մի փական բացված, ու փորձում է խլել մեղքը իր մեջ ծնած ու մի կենաց խմիր կամաց, սաստիր հոգիդ, ընտրիր զորաց մի վերարկու, նորապսակ կատակերգու չհալածված: Նայիր ու տես, ո՛չ դու, ո՛չ ես չենք նմանվում կասկածյալին դարասկզբի, ցավոք այսպես մենք գնում ենք մի մայրամուտ, որ ջլատես իմ ուժերը անհեռատես: Նայիր ու տես, որ վերարկուդ իսկապես հենց կասկածյալ է, դարասկզբի մի գմբեթ է կամ մի ազգի զսպաշապիկ, կամ վեր հառնող օդապարիկ, կամ էլ ծեծված մի Մոպասան: Ապերջանիկ մի խամաճիկ ուխտավորված ձեռքին կարմիր մի պանթեոն ոգևորված, հևքին տավիղը պապերի կանխադաջված: Դու կասկածյալ դարասկզբի աստվածացած:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել