Գրեթե վստահ եմ, որ գրածս տարակարծությունների տեղիք կտա եւ կլինի կարծիքների լուրջ բախում, բայց արձանագրում եմ այն, ինչը, համենայնդեպս, տեսնում եմ ինքս...Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեր շուրջը լուրջ փոփոխություններ ենք տեսնում, թե՛ աղջիկների, եւ թե՛ տղաների շրջանում: Աղջիկները մեղադրում են տղաներին, տղաներն էլ՝ հակառակը: Անկեղծ ասած՝ տարբեր տեսանկյուններից, երկու կողմն էլ ունի իր սխալներն ու բացթողումները: Բայց մի հարցում՝ կարծում եմ, աղջիկների առումով, բացթողումը կարելի է ավելի խոշոր համարել: Իմ հասակակիցներն ավելի լավ կհիշեն ամուր ընտանիքի մոդելը, որը կար նախկինում եւ որտեղ ամեն բան հստակեցված էր: Ամուսնալուծությունների ներկայիս թիվն ու պատկերը հնարավոր չէ համեմատել նախկինի նախադեպերի հետ: Ու այստեղ, բացի մի շարք այլ պատճառներից, կա մեր ժամանակներին հատուկ պատճառ: Խոսքը՝ աղջիկների կողմից սեփական կարիերան ստեղծելու, նյութական առումով սեփական անկախությանը ձգտելու մասին է: Բնականաբար, խոսքը չի վերաբերում բոլորին, բայց այս առումով տոկոսը բավական մեծ է: Ու սա ոչ միայն ազդում է ամուսնալուծությունների թվի աճի վրա, այլեւ սեփական կարիերայի եւ ֆինանսական անկախության պատճառով շատ է նաեւ աղջիկների թիվը, ովքեր չեն էլ ձգտում ամուսնության: Տարբեր առիթներով շատ է խոսվում ծնելիության նվազման կամ կտրուկ նվազման մասին: Պատճառները բազմաթիվ են: Որպես հիմնական «մեղավորներ», նշվում են տղաները...Բայց գաղտնիք չէ, որ մեր երկրում նորմալ վարձատրվող աշխատանք գտնելը բավական բարդ է: Այսինքն, նույնիսկ հիմա տղաները սեփական կարիքների համար լուրջ գումար վաստակելու խնդիր ունեն: Իսկ ընտանիքին ապահովելու մասին արդեն խոսելը մի փոքր դժվար է: Այստեղ մեղավորը տղաները չեն, այլ մեղավոր է պետությունը: Իմ շրջապատում, նույնպես, շատ են երիտասարդ տղաները, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել, բայց հենց ֆինանսական խնդիրների պատճառով չեն համարձակվում: Մարդավայել կյանքի համար գումար վաստակելու խնդիրը նպաստում է նաեւ մեր երիտասարդների հսկայական հոսքին՝ դեպի արտերկիր, որն էլ դիսբալանս է առաջացնում տղաների եւ աղջիկների թվաքականի մեջ: Նման դեպքում, բնականաբար, ինչ ծնելիության մասին կարող է խոսք լինել, եթե առհասարակ առկա է նույնիսկ ընտանիք կազմելու բարդության, երբեմն նաեւ՝ անհնարինության խնդիրը: Եթե ընդհանուր տոկոսային հարաբերությամբ փորձենք նայել, ապա ներկայումս Հայաստանի երիտասարդ տղաների թերեւս 20-30 տոկոսն է, որ ունի ընտանիքին մարդավայել ապահովելու համար անհրաժեշտ վարձատրվող աշխատանք: Հետեւաբար, 70-80 տոկոսը կանգնած է խնդրի առաջ: Վերջերս շատ կարելի է լսել նաեւ աղջիկների կենսակերպի փոփոխության մասին, կյանքի ու տարատեսակ հարաբերությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի փոփոխության մասին, ազատության աստիճանի սխալ ընկալման եւ, դրա հետեւանքով առաջացող բազմաթիվ խնդիրների մասին: Եթե մինչեւ 90-ականների վերջը աղջիկների կողմից սիրուհի դառնալու մասին դժվար էր խոսել, քանի որ, եթե կար նման բան, ապա չափազանց քիչ տոկոսով, ապա աստիճանաբար տոկոսը մեծացավ, եւ այսօր արդեն պատկերն այլ է: Ու կապ չունի, աղջիկն առայժմ ազատ է, թե ամուսնացած: Ու կրկին, խնդիրը ֆինանսական կողմ ունի: Վերեւում նշեցի, թե երիտասարդ տղաների քանի տոկոսը ներկայումս ունի ընտանիքին ապահովելու համար անհրաժեշտ աշխատավարձով աշխատանք, որից երեւում է, որ հակառակ պատկերն արձանագրող ճամբարում տոկոսը 70-80 է կազմում: Եւ, քանի որ մեր ժամանակներում արդեն ավելի ահռելի է դառնում ֆինանսապես ապահովված լինլու ցանկությունը, հետեւաբար, աղջիկներն աստիճանաբար ձգվում են դեպի հարուստ, դեպի ապահովված տղամարդկանց՝ անտեսելով նույնիսկ սիրուհի լինելու հեռանկարը: Կրկնում եմ, խոսքը ոչ բոլոր աղջիկներին է վերաբերում, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ Ձեր շրջապատում նման միտման ականատեսն եք: Միգուցե մի փոքր խառը ստացվեց ասելիքս, միգուցե չհասցրեցի ասելիքս առավել մանրամասն ներկայացնել, բայց կարծում եմ, պատկերը կարողացա նկարագրել: Հիմա, պարզապես, խնդրանք ՀՀ իշխանությանը...նպաստեք խնդրի լուծմանը: Նպաստեք նրան, որպեսզի հայ երիտասարդն ի վիճակի լինի պահանջված գումարն աշխատել Հայրենիքում, որպեսզի հայ երիտասարդը չլքի երկիրը, ամուսնանա եւ մնա իր երկրում, ընտանիքն ապահովի մարդավայել եւ կտեսնեք, որ կվերանա նաեւ ծնելիության հետ կապված Ձեր մտահոգությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել