Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում գործում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ): Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՏԶՀ-ի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում նիստի անդամներին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի ղեկավար ձեռնարկը:

Վերը նշված ՍՆՏԶ ծրագիրը սկսվել է այս տարի, դրա ընդհանուր արժեքը կազմում է 43 մլն. դոլար, որից 30 մլն դոլարն արտոնյալ վարկի տեսքով հատկացվել է Համաշխարհային բանկի կողմից: Վերջինիս շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու մարզային համայնքներին՝ ստեղծելով կամ հիմնանորոգելով սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներ (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, ջրամատակարարման համակարգեր, ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ և այլն):

Վերջինս բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից, որոնցից առաջինը համայնքային մակարդակում սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելն է, որի ներքո 120 համայնքներում կիրականացվեն միկրոծրագրեր: Իսկ երկրորդը սոցիալ-տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններն են, որի շրջանակում ընդհանուր առմամբ կֆինանսավորվեն մոտ 30` երկու և ավելի համայնքներ միավորող երկարաժամկետ զարգացման սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ:

Հարկ է նշել, որ ծրագրի ուղղակի շահառու կդառնան մոտ 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական, որի ընթացքում կստեղծվի շուրջ 300 հիմնական և 1100 ժամանակավոր աշխատատեղ, որում անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 մլն. դոլար: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2020թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել