Եգիպտոսում նախագահական ընտրություններում հաղթած և «Եղբայր Մուսուլմաններ» ծայրահեղական-իսլամիստական շարժումը ներկայացնող նախագահ Մուրսին հաջողությամբ անց է կացրել սահմանադրական ռեֆորմների իր նախագիծը Եգիպտոսի Խորհրդարանում, որը ևս վերահսկվում է «Եղբայր Մուսուլմաններից» բաղկացած մեծամասնության կողմից։
Սա բերել է եգիպտական հասարակության նոր պառակտման և մարդիկ, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ ցնծությամբ գահընկեց արեցին աշխարհիկ բռնակալ Մուբարաքին և նույն ցնծությամբ գահը հանձնեցին Մուրսիին, այսօր խաբված են զգում իրենց և հազարներով դուրս են եկել փողոց։ Նրանց են միացել նաև Եգիպտական սահմանադրական խորհրդի անդամները, ովքեր մեղադրում են Մուրսիին իշխանության ուզուրպացիայի և աշխարհիկ պետությունից կրոնապետություն ստեղծելու մեջ։ Բանն այն է, որ Սահմանադրության նոր տարբերակում նախագահն օժտվում է գրեթե անսահմանափակ իշխանությամբ և նախատեսվում է Շարիայի օրենքների ներմուծում օրենսդրություն, իսկ դա իր հերթին նշանակում է, որ Եգիպտոսը կվերածվի Սաուդյան Արաբիայի պես դեսպոտիկ կրոնապետության, որտեղ գողության համար ձեռք են կտրում, դավաճանության համար կնոջը քարկոծելով մահապաատժի են ենթարկում, Մուհամմեդ մարգարեի հասցեին ցանկացած հեգնանքի համար գլխատում են և այլն...
Ցուցարարները չարաչար սխալվում են, եթե մտածում են, որ Մուրսին, ինչպես Մուբարաքը, անվճռական կգտնվի։ Հարկ եղած դեպքում, Թահրիր հրապարակում հավաքվածներին կճզմեն տանկերով ու օֆ էլ չեն անի, իսկ Մուբարաքի հեռացումը հովանավորած ԱՄՆ-ը և Եվրոպան կսահմանափակվեն միայն ձևական հայտարարություններով։ Կարծում եմ, որ միակ պատճառը, որը հետ է պահում ցուցարարներին գնդակահարելուց նրանում է, որ Մուրսին վստահ չի, որ բանակը կհնազանդվի նման հրամանին և տեղի չի ունենա նոր զինված հեղաշրջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել