Ադրբեջանական քարոզչամիջոցները երեկ հեղեղված էին Վահան Մարտիրոսյանի մասին հրապարակումներով: Ու այսօր էլ կհեղեղվեն: Ի՞նչ է եղել: Ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը: 
Ըստ ադրբեջանական քարոզչամիջոցների հրապարակումների՝ Ադրբեջան է անցել և Բաքվից քաղաքական ապաստան խնդրել նշված անձնավորությունը, որի անունը հանրությանը հայտնի էր դարձել «Ներազգային ազատագրական շարժում» անվանումով նախաձեռնության հետ, ապա և՝ մեկ ամիս առաջ նրա և կնոջ նկատմամբ կատարված հարձակման ու բռնության հայտարարությունների հետ կապված: 
Վահան Մարտիրոսյանն անցյալ տարի՝ որպես հիշյալ շարժման նախաձեռնող, ակցիա էր իրականացրել՝ կասկածի տակ դնելով «Գազպրոմ Արմենիայի» մատակարարած գազի կալորիականությունը: 
Իսկ մեկ ամիս առաջ էլ մամուլում և սոցցանցերում տարածվեցին նրա և կնոջ հայտարարությունները, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանի շրջապատի մի խումբ անձինք հարձակվել և իրենց տան մոտ բռնություն են գործադրել Վ.Մարտիրոսյանի և իր կնոջ նկատմամբ: Ի դեպ, այդ հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: 
Բայց, պարզվում է, Վահան Մարտիրոսյանի անունն առնչվում է նաև մեկ այլ քրեական գործի, որի մասին գոնե մինչև երեկ հանրությանը ոչինչ հայտնի չէր: Եվ անհասկանալի է, թե ինչո՞ւ ոչինչ հայտնի չէր: 
Ըստ քննչական կոմիտեի ներկայացուցչի՝ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի նկատմամբ սեպտեմբերի 9-ին հետախուզում է հայտարարվել: Նախնական տվյալներով՝ Վ.Մարտիրոսյանը կնոջ ու երեխայի հետ մի քանի օր բնակվել է ծանոթի բնակարանում, որտեղից շուրջ 4000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար է հափշտակել: 
Արաբկիրի քննչական բաժնում որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն վարույթ իրականացնող մարմին չներկայանալու պատճառով սեպտեմբերի 9-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: 
Միանգամից հարց է ծագում. եթե տվյալ անհատի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռ մեկ շաբաթ առաջ, ապա ինչո՞ւ հենց այն ժամանակ էլ դրա մասին ոչինչ հրապարակավ չի հայտարարվել: Ի վերջո, խոսքը մի անձնավորության մասին է, որի անունը դրանից մի քանի շաբաթ առաջ հոլովվում էր որպես իշխանական թևը ներկայացնող պատգամավորին առնչվող անձանց կողմից բռնության ենթարկվածի: 
Այսինքն՝ Վ.Մարտիրոսյանին վերաբերող նման տեղեկատվությունը, որ նա նաև ծանոթի տնից գումար հափշտակելու մեջ է կասկածվում, իսկապես հանրության համար հետաքրքրություն էր ներկայացնում: 
Մեկ այլ հարց էլ է ծագում. ե՞րբ և ինչպե՞ս է ՀՀ պետական սահմանը հատել Վահան Մարտիրոսյանը, եթե նրա նկատմամբ սեպտեմբերի 9-ից հետախուզում էր հայտարարված: Էլի հարց է ծագում, թե այս ամենը չի՞ վկայում, որ Հայաստանի հատուկ ծառայությունները որոշակիորեն թերացել են:
Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչամիջոցների հրապարակումներին, ապա նրանք, հասկանալի է, ցնծության մեջ են: Բայց դա դեռ իր հերթին: 
Կանանց իրավունքների պաշտպանության ադրբեջանական կազմակերպության ղեկավար Նովելա Ջաֆարօղլուն հայտնել է որոշ մանրամասներ: Ըստ նրա պատմածի՝ դեռ 10 օր առաջ իրենց վրացի գործընկերները փոխանցել են Վահան Մարտիրոսյանի նամակը, որով նա Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու ցանկություն է հայտնել: 
Ջաֆարօղլուն, ըստ իր պատմածի, կապ է հաստատել պետական մարմինների, ամենից առաջ՝ Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևի հետ, որն իրենց օգնել է Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Ադրբեջան տեղափոխվելու գործը գլուխ բերելու հարցում:
Եթե հիմք ընդունենք ադրբեջանական կազմակերպության ղեկավարի ասածը, ապա ստացվում է, որ Վահան Մարտիրոսյանը դեռ սեպտեմբերի 6-7-ին է նամակ հղել իրենց, ըստ որում՝ միջնորդավորված, այսինքն՝ վրացական կազմակերպության միջոցով: Հիշեցնենք, որ գազի կալորիականության ստուգումները Վ.Մարտիրոսյանը հենց Թբիլիսում էր անում, այսինքն՝ պարզ է, որ Վրաստանում որոշակի կապեր ունեցել է: 
Ինչևէ, ադրբեջանական կայքերը հաղորդում էին, որ այսօր Բաքվում նախատեսված է Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ ասուլիսը: Հասկանալի է նաև, որ ադրբեջանական քարզչամիջոցներն առանձնահատուկ նշում են, թե Վահան Մարտիրոսյանն ընդդիմադիր գործիչ է, հատուկ շեշտում են նրա և կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները: Ըստ որում՝ շարունակ շեշտվում է, որ նշված բռնության դեպքից հետո Վ.Մարտիրոսյանի կնոջ հղիությունն ընդհատվել է (կինը վիժել է): Սակայն նշված բռնության դեպքից հետո մեր մամուլում տարածված տեղեկությունների, հայտարարությունների մեջ նման ոչ մի հիշատակում չկա: 
Բայց ի՛նչն է հետաքրքիր: Տեղի ունեցածին առնչվող որոշ հանգամանքներ թույլ են տալիս կասկածել, որ Վահան Մարտիրոսյանը ոչ թե պարզապես դավաճան է կամ, ասենք, անելանելի վիճակում հայտնված անձնավորություն, որ, չիմանալով ինչ անել, դիմել է նման ծայրահեղ քայլի, ինչպես ադրբեջանական իշխանությունների ողորմածությանը հանձնվելն է: 
Կարելի է առնվազն ենթադրել, որ Վահան Մարտիրոսյանն ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից շատ ավելի վաղ հավաքագրված գործակալ է: Այսպես ասած՝ ոչ ակտիվ գործակալ, որոնք նախատեսված են ոչ թե կամ ոչ միայն պարբերաբար որոշակի տեղեկություններ հաղորդելու, այլ «մեկանգամյա օգտագործման»՝ իքս պահին որոշակի գործողություն կատարելու համար: 
Տվյալ դեպքում նման ենթադրությունների տեղիք է հալիս ադրբեջանական քարոզչամեքենայի վայրկենական կազմակերպված ռեակցիան, որով Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ փախուստը հրամցվում է Ադրբեջանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի ընդունած կոշտ բանաձևի համատեքստում: 
Հիշեցնենք. Եվրոպական խորհրդարանն ուղղակի սպանիչ գնահատականներ է տվել Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված: Եվ հիմա ադրբեջանական քարոզչամեքենան այդ գնահատականներին հակադրում է Մարտիրոսյանի փախուստի ու քաղաքական ապաստան խնդրելու հանգամանքներն այն համատեքստում, թե, այ, տեսեք, դուք մեզ քննադատում եք մարդու իրավունքների խախտման համար, մինչդեռ Հայաստանում այդ առումով այնքան անտանելի է վիճակը, որ մարդիկ փախչում են Ադրբեջան: 
Այսինքն՝ ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիների կողմից արվել է մի բան, ինչը քաղաքական և քարոզչական որոշակի շահեկան վիճակ է ստեղծում ադրբեջանական իշխանությունների համար: Այդ ամենը Վահան Մարտիրոսյանը չէր կարող չիմանալ ու չհասկանալ: 
Մեր կարծիքով՝ Վահան Մարտիրոսյանը և իր կինը, անկախ նրանից՝ ադրբեջանական լրտես են, թե լրտես չեն, կատարել են դավաճանություն: Եթե անգամ նկատի ունենանք, որ Հայաստանում նրանց նկատմամբ բռնություն է կատարվել, միևնույն է, կարող էին ապաստան ստանալու համար դիմել ուր ասես, բացի Ադրբեջանից, թեկուզ նույն Վրաստանին: Սակայն պարզ է, որ դիմել են այն միակ պետությանը, որը նրանց ստուգապես ապաստան կտար, անկախ նրանից, թե իրենք ով են կամ ինչ են արել: 
Եվ եթե խնդիրը դիտարկում ենք նաև ծանոթի տնից խոշոր չափի գումար հափշտակելու մասին տեղեկատվության համադրությամբ, ապա պարզ է, որ հենց Բաքու էլ փախչելու էին: 
Մի խոսքով, տեսնում ենք ապազգային դավաճանական մղումներ, որ քողարկված էին «Ներազգային ազատագրական շարժման» անվան ներքո։ 
Ինչ էլ ասվի, Վահան Մարտիրոսյանի այս դավաճանական քայլը որոշակիորեն բացասական նստվածքի տեղիք է տալիս պարբերաբար բուսնող այլևայլ հասարակական նախաձեռնությունների իրական մղումների առումով: Ի՞նչ իմանաս, թե ովքեր են թաքնված «ազատագրական» զանազան բացականչություններով հրապարակ մտնողների դիմակների տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել