Lragir.am-ը գրում է.

2015 թ. փետրվարից Շվեդիայում փորձարկվում է աշխատանքային օրը 8 ժամից 6 ժամի կրճատելու նախաձեռնությունը: Գյոթեբորգ քաղաքի ծերանոցի աշխատակիցներն իրենց առօրյայում կտրուկ փոփոխություն են արել աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու համար, գրում է The Guardian-ը:

Շվեդիայում աշխատանքային օրը կրճատելու փորձեր կատարվել էին դեռ նախորդ դարի 90-ականներին, սակայն սա աշխատանքային ժամանակը կրճատելու առաջին վերահսկվող փորձն է:

Ծերանոցում աշխատող բուժքույր Լիզ-Լոտ Պետերսոնը, ով 41 տարեկան է, նշել է, որ նախկինում տուն հասնելուն պես անմիջապես տեղավորվում էր բազմոցին, սակայն հիմա ավելի առույգ է, ավելի շատ էներգիա ունի աշխատելու և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար:

Սվարտենդալենս ծերանոցի փորձը ոգևորել է այլ հաստատությունների: Գյոթեբորգի Սալգրենսկա համալսարանի հոսպիտալի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքը և Ումեայի հոսպիտալի երկու բաժանմունք նույնպես անցել են 6-ժամյա աշխատանքային օրվա: Մասնավոր սեկտորը, սակայն, չի պատրաստվում հետևել միտմանը: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ կարճ աշխատանքային օրը կարող է ավելացնել արդյունավետությունը, սակայն կկրճատի աշխատուժի հոսունությունը:

Գյոթեբորգի ծերանոցի փորձը հաջողված է համարվում՝ չնայած այն բանին, որ կառույցը ստիպված է եղել լրացուցիչ 14 հոգու աշխատանքի վերցնել բացը լրացնելու համար:

Գյոթեբորգում գործող «Տոյոտա» ավտոարտադրող ընկերության ծառայությունների գրասենյակը 13 տարի առաջ է անցել 6-ժամյա աշխատանքային օրվա: Գրասենյակի կառավարիչ Մարտին Բանկը նշում է, որ ավտոմեխանիկները երկար աշխատանքային օրվա վերջում հոգնած էին և սխալներ էին անում, իսկ հաճախորդները դժգոհ էին երկար սպասելուց: Աշխատաժամանակը կրճատելուց հետո, ըստ Բանկի, աշխատողներն ավելի լավ են զգում իրենց, կադրերի հոսունությունը ցածր է, իսկ նոր աշխատողների գտնելը՝ ավելի հեշտ: Նրա խոսքով, այդ որոշումից հետո եկամուտներն ավելացել են 25%-ով:

Շվեդիայում 6-ժամյա աշխտանքային օր մտցնելու փորձերն արվել են 1990-ականներից: Այդ քայլին են գնացել Ստոքհոլմի քաղաքապետարանը, Կիրունա քաղաքի մի շարք հաստատություններ: Սակայն, երբ իշխանության են եկել աջ ուժերը, փորձարկումները դադարեցվել են և վերականգնվել է 8-ժամյա աշխատանքային օրը: Պատճառն այն է, որ 6-ժամյա աշխօրը զգալի ծախսեր է պահանջում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել