Արևելյան բռնապետերից մեկը, ըստ Ավետիք Իսահակյանի նկարագրության, ասում էր. «Եթե սեփական մորուքիս մազն անգամ իմանա, թե ինչ եմ մտածում` արմատից կպոկեմ այն»: Մեկ այլ բռնակալ` Չինգիզ խանը, զգալով, որ Մահը մոտենում է, զորք է կանգնեցնում իր անծայրածիր երկրի սահմաններին, որպեսզի արգելի նրա մուտքը նախ` երկիր, հետո` մայրաքաղաք, հետո` պալատ: Հետո նա ինքն է զինվում, որպեսզի առաջինը հարված հասցնի Մահին, բայց շուտով ձեռքը թուլանում է, և սուրը վայր է ընկնում: Չինգիզ խանը հրամայում է թունավորել բոլոր ծովերն ու օվկիանոսները, գետերն ու լճերը, որպեսզի իր հետ մեռնեն բոլոր մարդիկ: Հրամանը չի կատարվում, որովհետև նազիր-վեզիրները չեն լսում տիրակալի ձայնը, քանի որ Մահն արդեն բռնել էր նրա լեզուն…

Արդի բռնակալներն այդքան միամիտ չեն, որպեսզի առասպելների հավատան: Նրանց լիովին բավարարում են աշխարհիկ բարիքները: Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն, օրինակ, հանդուրժում է, որ իրեն մամուլում (ա՜խ, այդ մամուլը) փադիշահ անվանեն. «Հազար անգամ երախտապարտ ենք Բարձրյալին, որ նա մեզ այսպիսի իմաստուն և արդարամիտ փադիշահ է տվել,- գրել է «Թուրքիստոն» թերթը:- Ամենուրեք պատերազմ է, ընչազուրկ մարդիկ, տնտեսական ճգնաժամ, իսկ մենք շարունակում ենք աշխարհը զարմացնել մեր նվաճումներով»: Օրերս իր երկրի նախագահին ժողովրդի հավատի ու վստահության ակունք է անվանել Ադրբեջանի նախագահի մանկլավիկներից մեկը` պաշտոնյա Մամեդովը: Բայց արդի տիրակալներից «ամենաինքնատիպը», հավանաբար, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն է, ում «բարեմասնություններն» իրենց զեկույցում շարադրել են Ղազախստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իրավապաշտպանները:

Դեռ մայիս ամսին հանդիսավորությամբ բացվել է այս նախագահի ոսկեզօծ ձիարձանը, որի շինարարության համար գումար է պահվել քաղաքացիների աշխատավարձից: Տարբեր միջոցառումների ժամանակ նախագահին ողջունելու և ծափահարելու համար զանգվածաբար գործի են դնում բնակչությանը: Բոլորովին վերջերս` ս.թ. օգոստոսի 5-ին, յոթ ժամ շարունակ փողոցում սոված-ծարավ նախագահին սպասելու հետևանքով երեք մարդ է մահացել, 10-ից ավելին հոսպիտալացվել: Պաշտոնական մամուլը Բերդիմուհամեդովին նվիրված ներբողներ է տպագրում:

Նրա պատվին Աշգաբադում թանգարան է բացվել: Բերդիմուհամեդովը նաև հատուկ տիտղոս ունի` «Արկադաղ» («Հովանի»), Թուրքմենստանի հերոս է: Նոր ուսումնական տարուց սկսած Թուրքմենստանի դպրոցներում ուսումնասիրվում են Բերդիմուհամեդովի` իր հորը, պապին և… թուրքմենական գորգին նվիրված վեպերը: Նրա կառավարման տարիներն անուն ունեն` «Հզորության և երջանկության դարաշրջան»: Անհատի պաշտամունքն իբրև երևույթ անմահ է: Ժամանակի ընթացքում տիրակալներին մեծարելու ձևերն ավելի ու ավելի են կատարելագործվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել