Երբեմն ապշել կարելի է մեր տեղեկատվական դաշտի որոշ խաղացողների վտանգավոր պրոֆանացիաների վրա: Մոտս այնպիսի տպավորություն է, որ որոշ խմբագրություններում, հիմնվելով անհատական հակառուսականության վրա ու չմտածելով հետևանքների մասին, հակառուսական հիստերիան տարածում են Արցախյան հակամարտության հարցի վրա:

Ու դեռ լավ կլիներ, եթե դա անեին միայն ՆԱՏՕ-ական կամ էլ Արևմտյան այլ կառույցների ու հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ռեսուրսներ, ինչպիսին, ասենք, «Լրագիրն» է, բայց դա անում են նաև միանգամայն հայկական ֆինանսավորումով ռեսուրսներ, և կրկնում եմ, ըստ ամենայնի, դրա հետևում կանգնած է զուտ լրագրողա-խմբագրական մակարդակի ինդիվիդուալ հակառուսականությունը:

Ինչո՞ւմ է կայանում նման գործունեության վտանգը: Չէ, հարցն այն չէ, որ Ռուսաստանը կտեսնի ու «կնեղանա»: Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանն աննփութության աստիճան անուշադիր է հայաստանյան մեդիա դաշտի նկատմամբ ու իր գործողություններում հիմնվում է մերոնց պես վայ-վերլուծաբանների գնահատականների վրա:

Խնդիրը թերևս նրանում է, որ նման կողմնակալ լուսաբանումն ապակողմնորոշում է բնակչության զգալի մասին, հուսալիք անում նրան, սկեպսիս ներշնչում Արցախյան հիմնահարցի հայաստանանպաստ եզրահանգման նկատմամբ: Մինչդեռ կոնկրետ այս իրավիճակում հարցն առավել քան պարզ է.

- Ռուսաստանին, առավել քան որևէ այլ կողմի, ձեռք է տալիս հենց ստատուս քվոն, որովհետև ստեղծված իրավիճակը մշտապես ազդեցության լծակ կարող է ծառայել հակամարտության կողմերի նկատմամբ:

- Տեսականորեն Ռուսաստանը կարող է, իհարկե, հավակնել խաղաղապահ ուժեր մտցնելուն, բայց ոչ հիմա, որովհետև առանց դրա էլ խելքից դուրս գլխացավանք ունի, էլ չասեմ նրա մասին, որ մենք՝ հայերս, առանձնապես մեծ խանդավառությամբ չենք մոտենում նման հավանականությանը:

- Որքան էլ սիրեք կամ չսիրեք Ռուսաստանը, որքան էլ հավատաք «Լրագիր»-ական մառազմներին ու «սպիտակ թուրքերին» մասին բարբաջանքներին, կա մեկ աներկբա փաստ. անկախ նրանից՝ կլինե՞ն հայեր Հայաստանում, թե՞ չեն լինի, Հայաստանի տարածքը Ռուսաստանին պետք է ոչ թյուրքական բնակչությամբ: Ավելին ասեմ՝ Ռուսաստանի համար կենսական նշանակության հարց է, որպեսզի Թուրքիան ցամաքային անդադար սահման չունենա մնացյալ թյուրքական աշխարհի ու մասնավորապես՝ Ադրբեջանի հետ, որովհետև դա հղի է արդեն հենց Ռուսաստանի համար հսկայական տարածքային կորուստներով:

- Այնպես որ, Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանին ուղղակիորեն սատարելը Ռուսաստանի շահերից չի բխում, ու ոչ թե նրա համար, որ հայերիս համար է խելքները գնում, այլ որովհետև դա իրենց համար հավասարազոր է կործանման, իսկ որքան մեծ լինի ոչ թյուրքական բուֆերը Թուրքիայի ու մնացյալ թյուրքական աշխարհի մեջ, այնքան ավելի ապահով կզգա իրեն Ռուսաստանը:

Այնպես որ, մի լսեք մեր վայ-վերլուծաբաններին ու հայացքներում ԵՄ դաջված լրագրողներին, ովքեր հակառակում են համոզում, քանի որ դա կամ նրանց անձնական կապրիզն է, կամ էլ դրսից եկող պատվեր, իսկ իրականությունը վերանշյալ 4 կետերում է կայանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել