ՖԻՖԱ-ն հրապարակել է Ոսկե գնդակի 3 հավակնորդների անունները: Մեսսին և Ինիեստան այդ պատվավոր մրցանակի համար կպայքարեն Ռոնալդոյի հետ:
Մեսսին ու Ինիեստան Ոսկե գնդակի 3 հավակնորդներից 2-ն են: Նրանք և «Ռեալ Մադրիդի» առաջատար Քրիստիանո Ռոնալդոն կվիճարկեն այդ պատվավոր մրցանակը: Հաղթողի անունը կհրապարակվի 2013 թվականի հունվարի 7-ին Ցյուրիխում:
Այդպիսով, Լեոն, ով վերջին 3 տարիներին արժանացել է այդ մրցանակին, արդեն 6-րդ տարին անընդմեջ ընդգրկվում է լավագույնների ցանկում: Ինիեստան 2-րդ անգամ է հայտնվում լավագույն եռյակում: Առաջին անգամ նա այդտեղ հասել էր 2010 թվականին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Հայտարարվել են նաև Պուշկաշի մրցանակի 3 հավակնորդների անունները: Մեսսին, ով ընդգրկվել էր լավագույն տասնյակում, դուրս է մնացել լավագույն եռյակից, որը կազմել են Ֆալկաոն, Նեյմարը և Ստոխը: Փոխարենը նա հավակնում է տարվա խորհրդանշական հավաքականում տեղ գտնելուն: Նրա հետ հավակնորդների թվում են նաև Ագուերոն, Բալոտելին, Բենզեման, Կավանին, Ռոնալդոն, Դրոգբան, Էտոն, Ֆալկաոն, Գոմեսը, Իբրահիմովիչը, Նեյմարը, Վան Պերսին, Ռունին և Սուարեզը:

Ավելացնենք, որ Խոսեպ Գվարդիոլան ընդգրկվել է լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում: Նրա հետ այդ մրցանակի համար կպայքարեն Ժոզե Մոուրինյոն և Վիսենտե դել Բոսկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել