Картинки по запросу նովրուզ մամեդովԱդրբեջանական որ կայքն ուզում եք ընթերցեք՝ նյութերի մի զգալի մասը նվիրված է երկրի «պատմական» նվաճումներին: Իհարկե, նման հայտարարություն անողները հիմնականում տարբեր տրամաչափի պաշտոնյաներն են, ովքեր մրցում են, թե ո՛վ ավելի պատկերավոր կներբողի Ադրբեջանը, երկրի վերնախավն ու կառավարիչներին: Այդ ասպարեզում հաճախ հաշվարկից դուրս առաջին տեղն է զբաղեցնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Այսօր էլ ահա կայքերը տարածել են այս գործչի Թվիթերի միկրոբլոգում թողած գրությունը. «Կայունությունը, անվտանգությունը և դինամիկ զարգացումը հանդիսանում են Ադրբեջանի պատմական նվաճումն անկախության ձեռքբերումից ի վեր:

Անվիճելի է, որ ժողովրդի հավատն առ իր նախագահը, ժողովրդի և նախագահի միասնությունը կպաշտպանեն ու կշարունակեն այդ պատմական նվաճումը»,- առանց որևէ նկատելի առիթի քծնում է Մամեդովը: Իհարկե, անվիճելի է այս ճուռակի խռպոտ գեղգեղանքը, որը հնչում է պարբերաբար: Բայց հանուն արդարության պետք է հավաստել, որ մեկ այլ պաշտոնյա՝ կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին պատկերավոր մտածողությամբ և ֆանտաստիկ ժանրը լիուլի ճոխացնելու ունակությամբ առաջ է անցել չորուցամաք գրչակ Մամեդովից: Իր մտքի գոհարներն ամբողջ պերճանքով ի ցույց դնելու նպատակով նա էքսկուրս է կատարել Կովկասի պատմության խորքը և այս տարածքում հրեաների բնակեցումը և… Կովկասյան Աղվանքի բուն գոյությունը համարել տեղի բնակչության հանդուրժողության ապացույցը:

«Նույնիսկ իսլամի ընդունումից հետո մենք դրական տրամադրվածություն ունեինք այլ կրոններ դավանող մարդկանց հանդեպ»,- թեթև սրտով իր միտքն է ավարտում Գուրբանլին: 
Ամբողջ Կովկասի անունից խոսող այս հերթական թերուսը հընթացս իրենով է անում ոչ միայն ամբողջ տարածաշրջանը, այլև հատկապես Աղվանքն ու Աղվանից աշխարհը: Այս մտքերը բանախոսն արտահայտել է կրոնական և ազգային հանդուրժողության հարցերին նվիրված համաժողովում: Բարեբախտաբար, պաշտոնյայի սոսկ լեզուն է երկար, իսկ դունչն այդպես էլ չի հասնի Աղվանքի իրական ժառանգորդ Արցախի Հանրապետությանը: Գուրբանլին դեմ է նաև կրոնական պատերազմին և համոզված է, որ պետությունները պետք է կանխեն այդպիսի իրադարձությունները:

«Աստված մեզ մարգարեներ է ուղարկել և նրանց հետ նաև գրքեր»,- խելքին զոռ է տալիս պաշտոնյան և հանկարծ հարցնում՝ եթե մարգարեներն այսօր ողջ լինեին, տեսնես ո՞ր երկիրը կընտրեին բնակության համար, ու ինքն էլ պատասխանում՝ «Կարծում եմ, որ նրանք Ադրբեջանը կընտրեին»: Մարգարեներին միամիտի տեղ դնելու Գուրբանլիի փորձը, կարծում ենք, լիակատար ձախողման է դատապարտված, քանի որ Ադրբեջանում բուռն վերելք են ապրում ազգայնամոլությունն ու բռնությունը, ինչից մարգարեներն ամենայն հավանականությամբ տեղյակ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել