ԱԺ-ում շարունակվում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, սակայն ԱԺ այս քառօրյան առանձնահատուկ է, որ ուղիղ եթեր հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները և հարցադրումները բովանդակային առւմով հագեցած են լինելու, և քաղաքացիների մոտ քննարկումները հետաքրքրություն կառաջացնեն: Սակայն, ինչպես տեսնում ենք, պատգամավորների հարցադրումները և քննարկումներն անցնում են տաղտկալի և անբովանդակ: Տպավորություն է առաջանում, թե ԱԺ քննարկումները հեռուստատեսությամբ ուղիղ եթեր հեռարձակվելու պահանջի նպատակն այն եղավ, որ պատգամավորների տնեցիները կտեսնեն նրանց ու կուրախանան:

Բանն այն է, որ պատգամավորներից ոմանք հարց են տալիս ուղղակի հարց տալու համար, և տպավորություն է առաջանում, որ նրանց հարցադրումներն ավելի շատ ժամանակ վատնելու նպատակ են հետապնդում:
Պատգամավորներից ոմանք էլ, չկարողանալով հարցը ձևակերպել, սկսում են, սահմանադրության նախագիծը կիսատ-պռատ կարդալով, կիսահարցադրումներ անել, երևում է, որ նրանց քննարկումն այնքան էլ չի հետաքրքրում:

Օրենսդիրի անդամների մի մասն էլ, հարցեր տալիս զգացվում է, որ ինտերնետով մի երկու կայքից մի երկու բան են կարդացել սահմանադրական փոփոխությունների մասին և որոշել են, որ իրենք բավականաչափ տեղեկացած են և կարող են լուրջ հարցադրումներ անել:
Բացի դրանից, քննարկումների ժամանակ տպավորություն է առաջանում, թե գործ ունենք ոչ թե պառլամենտի հետ, այլ միտինգի, որտեղ ով ինչ ուզում է, տեղից գոռում է, փողոցային արտահայտություներ թույլ տալիս, ոմանք էլ լաչառությամբ են աչքի ընկնում:

Կասկած չկա, որ մեր պառլամենտական պրակտիկան այս մակարդակում չի կարող մնալ, մանավանդ այն պարագայում, երբ որ շարժվում ենք դեպի պառլամենտական հանրապետություն: Կարծում եմ՝ առաջիկայում անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն, որպեսզի պատգամավորներն առավել լուրջ վերաբերվեն իրենց գործին և պաշտպանեն նրանց շահերը, ում կողմից ընտրվել են:

Մնում է միայն օրենսդիրներին հորդորել՝ սթափվե՛ք, հարգելիներս, երեսփոխ լինելու տեղը եղեք երեսփոխան՝ պատգամավոր, ումից քաղաքացիներն ակնկալիքներ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել