Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանի մայրաքաղաքում գումարվեց ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը: Այն սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են ՌԴ նախագահ Վ.Պուտինը, Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը, Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը, Ղրղզստանի նախագահ Ա.Աթամբաևը, Տաջիկստանի նախագահ Է.Ռահմոնը և Կազմակերպության գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան: Խորհրդի նիստի ներքին «ինտրիգը» նրանում էր, որ այն գումարվում էր ՀԱՊԿ անդամ երկրներից առնվազն երկուսում իրավիճակի «լարման» պայմաններում. մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանային կտրուկ ավելացած բախումների և Տաջիկստանում տեղի ունեցած ռազմական անկայունության ֆոնի ներքո:

Նստաշրջանի ժամանակ կնքվեցին մի շարք՝ մոտ 10 փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ գործունեության մի շարք ոլորտներին՝ ճգնաժամային կառավարում, կազմակերպության (մինչև 2025թ.) ռազմավարական փաստաթուղթ, ՀԱԿՊ ԱԱՀՈւ մեջ ռազմաօդային բաղադրիչի ավելացում և զարգացում, կազմակերպչական այլ հարցեր:

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ՀԱՊԿ նստաշրջանի իր ելույթում տարաբնույթ շեշտադրումներից զատ ՀԱՊԿ անդամների ուշադրությունը կենտրոնացրեց հայ-ադրբեջանական վերջին լարումների վրա՝ նշելով, որ «իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ»: Սա առկա «խնդիրները վերհանելու ու բարձրաձայնելու» հաղորդագրություն էր՝ ուղղված ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ՀԱՊԿ որոշ գործընկերներին:

Արդեն տևական ժամանակ պաշտոնական Երևանը բարձրաձայնում է նշյալ խնդրի վերաբերյալ իր մտահոգությունները: Փաստենք, որ ՀԱՊԿ կայացվածության գնահատման ամենից կարևոր ցուցանիշը նրա՝ հենց նմանօրինակ իրավիճակներին համարժեք արձագանքելու խիզախությունն ու կամքն է: Այսօր ՀԱՊԿ-ը դեռ չի հասել ամբողջականության ու միակարծության այնպիսի մակարդակի, որ նման դիրքորոշում ու վարք որդեգրի: Նորություն չէ, որ ՀԱՊԿ-ը քաղաքական իմաստով դասական հավաքական անվտանգության ապահովման կառույց չէ: Այն մեկ գերակա ռազմաքաղաքական կենտրոնի շուրջ ձևավորված պետությունների իրավաքաղաքական որոշակի պայմանավորվածություններ ունեցող կազմակերպություն է, որտեղ, չնայած իրավական որոշ կանոնակարգերին, անդամ-երկրների անվտանգության ապահովումը բավական անհատական է: Անդամ-երկրները ստանում են հավաքական անվտանգության «իրենց անվտանգության ապահովման համար այդ պահին անհրաժեշտ հնարավոր մասնաբաժինը» և այդ կերպ փորձում ապահովել սեփական անվտանգությունը: Սա փաստում է մեկ կարևոր հանգամանք, որ նախ՝ կազմակերպությունը պետք է անցնի կայացման երկար ճանապարհ, մյուս կողմից ի ցույց դնում, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության կապերը թույլ են, քանզի նրանց քաղաքակրթական տեսլականը բազմաթիվ ցուցիչներով չի համապատասխանում միմյանց:

ՀՀ-ի պարագայում նշենք, որ նա ՀԱՊԿ շրջանակներում իր ակտիվությամբ կարողանում է ընդհանուր սուղ միջոցների առկայության պարագայում քաղել առավելագույնս. լինի դա ՌԴ-ից զինտեխնիկա գնելը, ՀՀ-ում ՀԱՊԿ ներքո ՌԴ զորամիավորման առկայությունը, համատեղ ՀՕՊ համակարգի օպերատիվ հերթափահությունը, ՀՀ-ում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնադրման և այլ բաղադրիչներ:

Քաղաքականության և հատկապես անվտանգության ապահովման մեջ, որքան էլ մենք դաշնակցային հարաբերություններ ունենանք ՀԱՊԿ կամ նման այլ կառույցների հետ, պետք է սթափ գիտակցել, որ մենք ենք մեր անվտանգության կերտողը և դա պետք է ունակ լինենք իրականացնել առանց այս կամ այն կազմակերպությունից ակնկալվելիք քաղաքական հայտարարությունների կամ գնահատականների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել