Բոլորին հայտնի է, որ արտահանման ոլորտում Հայաստանի գլխավոր գործընկերներն են Ռուսաստանը և Չինաստանը: Թիրախային երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու հետ մեկտեղ Հայաստանը զարգացնում է առևտրային հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ մինչ այժմ առկա էր շատ փոքր շրջանառություն:

Խոսքը վերաբերում է հատկապես Իրաքին։ Տևական ժամանակ այս երկրի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները չափազանց ցածր մակարդակ ունեին։ Նույնիսկ այն աստիճան, որ Իրաքի հետ առևտրային հարաբերությունները ներառված չէին արտահանման վիճակագրության մեջ։

Իրավիճակը, սակայն, վերջին երկու-երեք տարիներին փոխվեց դեպի դրականը: 2013թվ.-ից շրջանառությունն աճեց ավելի քան 3 անգամ՝ ընդհուպ մոտենալով 50 մլն դոլարի։ Առավել դրական արդյունք գրանցվեց անցած տարի. երբ այս երկիր արտահանվեց ավելի քան 80 մլն դոլարի ապրանք։

Հայկական ապրանքներից Իրաքում դոմինանտ դիրք է գրավում ծխախոտը: Պատահական չէ, որ արտահանման ակտիվացումն ուղեկցվում է ծխախոտի արտադրության ծավալների կտրուկ ավելացմամբ։ Տարեսկզբի յոթ ամիսներին արտադրության աճը եղել է 52 տոկոս՝ հասնելով գրեթե 105 մլն դոլարի։

Հիմնական մեկ ապրանքատեսակով Հայաստանը կարողացավ կարճաժամկետում մոտենալ առաջնագծի երկներին և անգամ որոշ չափով գերազանցել իրանական շուկային:

Ինչ վերաբերում է Իրաքին, ապա Հայաստանի 66 մլն դոլար արտահանման պայմաններում ներմուծումը կազմել է ընդամենը 1 մլն դոլար։

Իրաքից զատ ավելի քան վեց անգամ ավելացել է հայաստանյան ապրանքների մուտքը Շվեյցարիա, 344 անգամ՝ Ռումինիա։ Եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից ռումինական շուկա էր տեղափոխվել ընդամենը 52 հազար դոլարի ապրանք, ապա այս տարի այն հասել է 18 միլիոնի։

Դրական պետք է որակել նաև հայ-չինական առևտրաշրջանառությունը: Հայաստանյան ապրանքների մուտքն ավելացել է 30 տոկոսով։ Յոթ ամսում 106 մլն դոլարի ապրանք է արտահանվել Չինաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել