«Լեռնագագաթները նիրհում են. հովիտ, քարափ ու անձավ լուռ են» Ալկման

-Ինձ լսիր,-ասաց Դևը` ձեռքը դնելով գլխիս:- Վայրը, որի մասին պատմում եմ, տխրաշուք մի տարածք է Լինիայում` Զաիր գետի ակունքին, և այնտեղ ո՛չ անդորր կա, ո՛չ լռություն:

- Գետի ջրերը քրքումի հիվանդագին թույրն ունեն և ոչ թե հոսում են դեպի ծով, այլ շռնդալից ու ջղաձիգ ալեկոծանքով հավիտենաբար տրոփում արևի կարմրաշեկ հայացքի ներքո: Գետահունի տղմոտ եզերքին մղոններով ձգվում է վիթխարի ջրաշուշանների դժգույն մի թավուտ: Նրանք հերթով հառաչում են այդ առանձնության մեջ, երկար ու քստմնելի վզերը երկինք կարկառում ու հետուառաջ տարուբերում մշտնջենական գլուխները: Եվ նրանց միջից լսվում է մի տարտամ մրմնջյուն, որն ընդերկրյա ջրերի հորդման է նման: Եվ նրանք հերթով հառաչում են:

- Բայց նրանց տիրույթը սահման ունի` մթին, խրոխտ ու ահարկու անտառի պատնեշը: Այնտեղ, ինչպես ալիքները Հեբրիդյան կղզիների շուրջբոլորը, անդուլ ծփում են թփերը: Սակայն երկնքում բնավ քամի չկա: Եվ երկնուղեշ նախաստեղծ ծառները հզոր շաչյունով օրորվում են հանապազ: Եվ նրանց բարձր կատարներից մեկիկ-մեկիկ ընկնում են մշտնջենական ցողակաթիլներ: Եվ ծառերի արմատներին մերձ` խռովյալ նինջի մեջ, գալարուն մեկնված են օտարոտի թունավոր ծաղիկներ: Եվ վերևում գորշ ամպերը շրշուն ու դղորդաձայն աղմուկով հար սուրում են արևմուտք և ապա ջրվեժի հանգույն թավալվում հորիզոնի հրեղեն պատնեշից անդին: Եվ Զաիր գետի ափունքին ո՛չ անդորր կա, ո՛չ լռություն:

- Գիշեր էր, և անձրև էր տեղում, որ թափվելիս անձրև էր, իսկ գետնին դիպչելով` արյուն էր դառնում: Եվ ես կանգնած էի ճահճուտում երկայնիրան շուշանների մեջ, և անձրևը մաղում էր գլխիս, և շուշանները հերթով հառաչում էին իրենց առանձնության մեջ:

- Եվ ապա հանկարծ ու մեկեն, աննոսր, քստմնելի մշուշի միջից բարձրացավ լուսինը, և գույնն էր բոսոր: Եվ աչքս ընկավ մի վիթխարի, գորշ ժայռի, որ կանգնած էր գետափին և լուսավորվում էր լուսնի լույսով: Եվ ժայռը գորշ էր ու ահեղ ու բարձր,- և ժայռը գորշ էր: Առջևի մասում նշաններ էին փորագրված, և ես անցա ջրաշուշանների ճախնուտի միջով ու մոտեցա ափին, որպեսզի ընթերցեմ: Սակայն գրերը զանազանել չկարողացա: Եվ հետ էի դառնում ճախնուտ, երբ լուսինը շողաց ավելի վառ կարմիրով, և ես շրջվեցի և կրկին նայեցի ժայռին, և այնտեղ գրված էր ` ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ:

- Եվ ես վեր նայեցի, և քարափի կատարին մի մարդ էր կանգնած. թաքնվեցի ջրաշուշանների մեջ` մարդու վարմունքին հետևելու: Եվ մարդը պարթևահասակ էր, կեցվածքով վեհաշուք, ուսերից մինչև ոտքերը փաթաթված էին հին հռոմեական տոգայով: Եվ նրա մարմնաձի ուրվագիծն աղոտ էր, սակայն գիշերվա ու մեգի, լուսնի ու ցողի ծածկույթը չէր սքողել նրա դեմքը, և դիմագծերն աստվածենի էին: Եվ սեգ ճակատը խորասույզ էր, և աչքերը մտատանջությունից փայլում էին վայրենի փայլով. և այտերն ակոսող ծալքերում ես կարդացի առակները ցավ ու վշտի, խոնջանքի, առ մարդկությունը զզվանքի և մենության տենչի:

- Եվ մարդը նստել էր ժայռին, գլուխը ձեռքին հենած ու հայացքը հառած ամայությանը: Նայեց վար` անդադրում, ցածր թփերին ու վեր` բարձրուղեշ նախաստեղծ ծառերին ու ավելի վեր` շրշուն երկնքին ու բոսորաթույր լուսնին: Եվ ես ի մոտո շուշանների մեջ պահված, հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, և նա նստած էր ժայռին:

- Եվ մարդն ուշադրությունը շեղեց երկնքից և նայեց տխրաշուք Զաիր գետին և դեղին քստմնելի ջրերին ու ջրաշուշանների դեղին լեգեոններին: Եվ մարդն ունկնդիր էր ջրաշուշանների թառանչներին ու նրանց միջից եկող սոսափին: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու վարմունքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. և սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:

- Հետո իջա ճախնուտի խորշերը, դժվարությամբ հեռացա շուշանների թավուտի միջով և կանչեցի գետաձիերին, որ բնակվում էին ճախճախուտի խորշերում: Եվ գետաձիերը լսեցին կանչս ու բեհեմովտների հետ միասին ժողովվեցին ժայռի ստորոտում և բարձր ու երկյուղալի մռնչացին լուսնի ներքո: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:

- Ապա նզովեցի ես տարերքը շռինդի անեծքով. և մի ահեղ փոթորիկ հավաքվեց երկնքում, ուր մինչ այդ քամի չկար: Եվ փոթորիկի սաստկությունից երկինքը կապտեց-սևացավ, և անձրևը խփեց մարդու գլխին, գետի բաբախուն ջրերը ցածրացան, և գետը տանջանքից փրփրակալեց, և ջրաշուշանները ճչացին իրենց ածուներում, և անտառը փշուր- փշուր եղավ հողմի հանդիման, ամպրոպը ճայթեց, կայծակը զարկեց, և ժայռը հիմքից երերաց: Եվ ես ի մոտո` իմ թաքստոցից հետևում էի մարդու պահվածքին: Եվ մարդը դողում էր միայնության մեջ. սակայն գիշերն անցնում էր, իսկ նա նստած էր ժայռին:

- Այնժամ ես զայրացա և այս անգամ ԼՌՈՒԹՅԱՆ անեծքով նզովեցի գետն ու շուշանները, քամին ու անտառը, երկինքը, որոտն ու ջրաշուշանների հառաչանքները: Եվ նրանք նզովվեցին ու ԼՌԵՑԻՆ: Եվ լուսինը դադարեց երերուն վեր ելնել իր կածանով, ամպրոպը մարեց, կայծակը չշողաց, ամպերն անշարժ կախվեցին, ջրերը վերստին իջան իրենց մակարդակին ու այդպես մնացին, ծառերը դադարեցին ճոճվելուց, ջրաշուշաներն այլևս չէին հեծեծում և նրանց միջից այլևս սոսավյուն չէր լսվում, ոչ իսկ ուրիշ մի ձայն` այդ անծիր անապատում: Եվ ես նայեցի ժայռափոր տառերին, և գիրն այժմ էլ էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ:

- Եվ աչքս ընկավ մարդու դեմքին, և նրա դեմքը գունատվեց սարսափից: Եվ նա ճեպով գլուխը բարձրացրեց ձեռքի վրայից, ոտքի ելավ ու ականջ դրեց: Սակայն անծայրածիր անապատում ոչ մի ձայն չկար, և ժայռի վրայի գիրն էր` ԼՌՈՒԹՅՈՒՆ: Եվ մարդը սարսռաց, երեսը շրջեց և շտապ հեռացավ, և ես նրան այլևս չտեսա:

* * *

Մոգերի հատորներում հիասքանչ պատմություններ շատ կան` մոգերի երկաթակազմ, մելամաղձոտ հատորներում: Դրանցում, ասում են, կան փառապանծ ասքեր Երկնքի, Երկրի և հզոր ծովի մասին և ոգիների, որ տիրում էին ծովը, երկիրը և գոռ երկինքը: Իմաստություն և խորհուրդ շատ կար նաև գուշակուհիների պատգամախոսություններում, և հնում բազում սրբազան պատմություններ էին պատմում ստվերամած տերևները, որ դողդոջում էին Դոդոնեի շուրջը, բայց, Ալլահը վկա, առակը, որ ինձ պատմեց Դևը` կողքիս շիրմաթմբի ստվերում նստած, բոլորից հրաշալին եմ համարում: Եվ, ավարտելով իր պատմությունը, Դևը հետ ընկավ գերեզմանի խորշն ու քրքջաց: Եվ ես չկարողացա ծիծաղել Դևի հետ, և նա անիծեց ինձ, քանզի չկարողացա: Եվ լուսանը, որ հավերժ բնակվում է շիրմի մեջ, դուրս ելավ, պառկեց Դևի ոտքեր տակ և անքթիթ հայացքը հառեց նրա դեմքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել