policeGalaTV.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կողմից 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18.00-23.00 «Ազատության» հրապարակում հավաքի և ժամը 19.30-ից «Ազատության» հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-«Ազատության» հրապարակ երթուղիով երթի անցկացումը: Սակայն հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով նշված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:

Ներկա պահին հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ոստիկանության բազամաթիվ նախազգուշացումները, շարունակում են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքների ազատության իրավունքի իրացման ցանկացած ձև պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին:

Հավաքների ազատության իրավունքը չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ, և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանության կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման նպատակով: Այս սահմանափակումներն ուղղակիորեն վերաբերում են խաղաղ հավաքներին և բխում են ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի դրույթներից:

Հավաքի մասնակիցներին և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարացվել:

ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև դրա երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ անհամաչափորեն խաթարում են հանրության շահերը: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել, որ Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունի բավարար տվյալներ՝ դրա նախապես կազմակերպված բնույթի վերաբերյալ:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքից, մասնավորապես, դրա 14 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից պարզորոշ հետևում է, որ ցանկացած հավաք, այդ թվում՝ խաղաղ, ունի սկիզբ և ավարտ, այսինքն՝ պետք է կրի ժամանակավոր բնույթ: Միաժամանակ հավաքի ընթացքում հնչեցվող պահանջի բավարարումը հավաքների ազատության իրավունքի բովանդակության մեջ չի ներառվում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստերը և դրանց տրված իրավական գնահատականները, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, ՀՀ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար: Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել