Այս տարին բավականին հաջող էր գյուղատնտեսական ոլորտի համար: Բացի եղանակային լավ պայմաններից, Էական դրական տեղաշարժերին նպաստել են պետական աջակցության ծրագրերը, ցանքատարածությունների ավելացումը և արտադրության ինտենսիվության աճը:

Ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին յոթ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Անհատական ցուցանիշներով՝ այս տարի բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6 %, իսկ անասնապահությունում` 4.2 %: Այդ ամենի արդյունքում բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 145.4, իսկ անասնաբուծությանը` 183.0 մլրդ դրամ:

Ավելացել է նաև պետական աջակցությունը: Մասնավորապես ավելացել է գյուղվարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը (6 %), և մարզպետարանների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է:

Այս տարի ավելացել են նաև ցանքատարածությունները: Արդյունքում՝ ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 18.5 հազ. հեկտարով և կազմել 351.3 հազ. հեկտար՝ վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով 78.5 %-ի:

Դրական միտում են ստացել նաև հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները, որոնք նախորդ տարի գերազանցել են 2010 թվականի մակարդակը 81.0 %-ով՝ բերքատվությունը ավելացնելով շուրջ 54.0 %-ով: Այդ նույն ժամանակահատվածում ցորենի արտադրությունը ավելացել է 84.0 %-ով, իսկ բերքատվությունը` 52.4 %-ով:

Պետական ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ նաև ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 5.8 %-ով կամ 11.0 հազ. հեկտարով, իսկ ցորենի ցանքատարածությունների աճը կազմել է 4.7 %, կամ 5.0 հազ. հեկտար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել