Գաղտնիք չէ, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել բնական գազի գնի 24 դոլար իջեցման վերաբերյալ. այսինքն՝ արժեքը նվազելու է 12.7%-ով:

Վերը նշված փոփոխությունը, ինչպես նախապես հայտարարվել էր, չի հանգեցնելու ՀՀ բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագնի իջեցմանը` պայմանավորված դրամի արժեզրկման հետևանքով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի ավելացմամբ: Բայց և այնպես, այս որոշումը չպետք է դիտարկել որպես ոչինչ չնշանակող քայլ, քանի որ, եթե չլիներ այս պայմանագիրը, հնարավոր չէր լինի խուսափել բնական գազի սակագնի բարձրացումից բնակչության համար:

Հարկ է նշել, որ խոշոր ծավալի գազասպառողների դեպքում պատկերն այլ է, և այս իջեցումն ուղղակի ձևով պետք է ազդի նրանց օգտագործած գազի գնի վրա, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով կտարածվի ամբողջ բնակչության վրա, քանի որ բնական գազը գնագոյացնող ապրանք է: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է փաստել, որ եթե բնական գազի գնի իջեցումն ուղղակի ձևով չի ազդելու բնակչության վրա, ապա անուղղակի ձևով, իհարկե, իր դրական ազդեցությունն ունենալու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել