Որքա՜ն ջերմություն ու հարազատություն ենք զգում այս մի հատիկ բառն արտաբերելով՝ ձեռ-քեր...
Ձեռքերը շատ տարբեր են՝ մեծ ու փոքր, նուրբ ու չոր, կնճռոտ ու խնամված, երիտասարդ, բայց այս բոլորին միավորողը ջերմությունն է երևի:
Հիմա ատում ես ձեռքերս կամ գուցե կարոտո՞ւմ, չգիտեմ, չնայած դժվար թե կարոտես այն ձեռքերը, որոնք քեզ շոյել, սիրել ու փայփայել են: Ձեռքեր, որոնք սահել են ճակատիդ վրայով, հասել շուրթերիդ ու մեղմ գրկել պարանոցդ, գրկել ու հարազատություն իջեցրել աչքերիդ:
Սիրում եմ ձեռքերս, սիրում եմ ու հաճախ համբուրում դրանք, գոնե այդպես մի փոքր կարոտս մեղմում է: Մեկ-մեկ թաքցնում եմ դրանք, զզվում ու ատում, որ քեզ են սիրել, քեզ են սիրել, իրենց տաքությունը քո սառնությամբ փոխարինել ու վերցրել միմիայն սառնություն: Մրսել են, բայց ամենը արել են քեզ ջերմացնելու համար:

Սիրում եմ ձեռքերդ, թեև դրանք ոչ միշտ են իմ ձեռքերին կարոտել, ոչ միշտ են սեղմել ու իրենց շնչառությամբ տաքացրել դրանք, բայց մեկ է սիրում եմ ձեռքերդ: Հիշում եմ՝ ինչքան էի սիրում հաշվել ձեռքերիդ մեջ քարտեզված գծերը, սահում դրանց վրայով ու քարանում մի քանի վայրկյան, քարանում ու ատամներով սեղմում օդը, որ ժամանակը կանգ առնի, կանգ առնի ու էլ չզարկի. . .
Ես հաշվում էի՝ մեկ, երկու, երեք... էլի էի հաշվում, էլի, էլի ու նորից ատամներով սեղմում օդը: Ես գիտեի, որ կբաժանվենք ու գիտեի, որ կգնաս:
Ժամանակն այդպես էլ կանգ չառավ, դու գնացիր, իսկ ես էլի... էլի հաշվում եմ՝ մեկ, երկու, երեք՝ արդեն աչքերս փակ: Աչքերս փակում ու ամեն ինչ հիշում եմ մտովի, նորից սահում, նորից համբուրում ձեռքերդ, ամեն ինչ նորից, նորից, բայց հիմա էլի ժամանակը սահում է, գոնե հիմա այն կանգ առնի և դու մնաս աչքերիս մեջ ու նոր մահանամ:
Ձեռքեր...
Հիմա քայլում եմ, ցուրտը մի տեսակ գրկում է մարմինս, բարուրում իր մեջ, ես սառում եմ մինչև ձեռքերիս ծայրը, ձեռքերս մոտեցնում եմ բերանիս ու...
Քո անունը, իմ շնչով տաքացնում եմ ձեռքերս ու տալիս քո անունը, ա՜խ երանի լսեիր: Հիմա ձեռքերս առաջվա պես սառն են ինչպես միշտ, ինչպես դու էիր հարցնում՝ «ձեռքերդ սա՞ռն են, էլի սառե՞լ են, բեր, գիժս, բեր՝ տաքացնեմ դրանք»:
Ատում եմ ձեռնոցները, ատում եմ կեղծը, չէ՞ որ մարդկային տաք ջերմությանը ոչ մի ձեռնոց էլ չի փոխարինի, ինչքան էլ ուզում են դրանք լինեն տաք, փափուկ, գույնզգույն ու ամենագեղեցիկը, մեկ է ատում եմ ձեռնոցները: Քեզանից հետո պահարանումս գրեթե ոչ մի ձեռնոց էլ չի մնացել, բոլորը թափել եմ, կեսը՝ նվիրել: Հիմա նախընտրում եմ սառել ու քարանալ, եթե դու չկաս ինչի՞ս են պետք տաք ձեռքերը, էլ ո՞ւմ պետք է տաքացնեմ իմ ձեռքերով, շոյեմ ու սահեմ ձեռքերի վրայով ու նորից հաշվեմ... Չէ:
Ձեռքերս թող սառը մնան, եթե դու չկաս ջերմությունն ինչի՞ս է. . .

Օվսաննա Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել